Կյանքը de factoՀասարակություն

Ցանկացած կառույց, պաշտոնյա, որն իրեն այլախոհություն թույլ կտա, ճնշվելու է իշխանության կողմից. նույնը տեղի է ունենում ՄԻՊ-ի հետ. Հայկ Ալումյանը՝ ՄԻՊ-ի նկատմամբ սահմանափակումների մասին

1.8kviews

Ցանկացած կառույց կամ պաշտոնատար անձ, որն իրեն այլախոհություն թույլ տա, ճնշվելու է մեր ներկա քաղաքական իշխանության կողմից, սա նորություն չէ, կարելի է ասել՝ սա թավշյա հեղափոխության հաջորդ օրվանից նկատվող միտում է. նույնն է տեղի ունենում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հանդեպ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ խոսելով Կառավարության կողմից՝ ՄԻՊ-ի աշխատանքների սահմանափակումների, ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման կրճատման մասին։

«ՄԻՊ-ը, որը եզակի կառույցներից մեկն է, որի աշխատանքը վերջին տարիներին կարելի է դրական գնահատել, երկրորդ նման կառույց դժվար թե գտնենք: Հիմա, փաստորեն, զուտ նրա համար, որ ՄԻՊ-ի տեսակետները մի շարք հարցերում այդքան էլ չեն համընկել մեր քաղաքական իշխանության տեսակետների հետ, փորձ է արվում տարբեր լծակներով այդ կառույցին գցել դժվար կացության մեջ»,-ասաց Ալումյանը:

Խոսելով Կառավարության նախաձեռնության մասին, որով ՄԻՊ–ին ծանուցվել է, որ այլևս չի կարող մասնակցել գործադիր նիստերին, Ալումյանը նշեց, որ այս որոշումը չի կարող պատճառ դառնալ նրա, որ ՄԻՊ-ն առաջարկություններ և դիմումներ չներկայացնի, սակայն երբ խոսքն արդեն ֆինանսավորման կրճատելու մասին է՝ արդեն լուրջ խնդիրներ կարող են առաջանալ:

«ՄԻՊ-ի գրասենյակը մի քանի կարևոր լծակներ ունի, մեկը կարողանում է հավաքագրել փաստեր, սա շատ կարևոր օղակ է նրանց գործունեության մեջ և դրա համար բավականին լուրջ հնարավորություններ են տրված օրենսդրությամբ, բայց հարցն այն է, որ եթե ֆինանսավորումը սկսում է կրճատվել, ապա ստացվում է, որ ՄԻՊ-ն օրենքով հնարավորություններ ունի, բայց գործնականում ֆինանսավորման կրճատումը կարող է զգալիորեն անդրադառնալ փաստերի հավաքման հնարավորության վրա»,- ներկայացրեց փաստաբանը և հավելեց, որ տուժում է նաև վերլուծությունների, զեկույցներ նախապատրաստելու աշխատանքները, որովհետև մարդիկ են պետք, ռեսուրսներ են պետք, որոնք ակնհայտորեն թուլանում են ֆինանսավորում չստանալու պատճառով:

Ըստ նրա՝ խելամիտ ղեկավարի համար ՄԻՊ-ի գործունեությունը շատ կարևոր է: «Խելքը գլխին ղեկավարը պետք է ամեն ինչ անի, որպեսզի պետական կառույցների բացասական կողմերի վրա իր ուշադրությունը հրավիրվի, որովհետև խելքը գլխին ղեկավարը կարողանում  է այնպես անել, որ այդ բացասական կողմերը բացահայտվեն և շտկվեն: Ապուշ ղեկավարը չի ուզում քննադատություն լսել, ու ես կարծում եմ, որ այսօր ՄԻՊ-ի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը պետք է գնահատել այս բանաձևով»,– ասաց նա:

Հարցին, թե ՄԻՊ-ի թուլանալն ինչպես կանդրադառնա Հայաստանի վիճակի վրա, Ալումյանը նշեց, որ հաճախ իրեն թվում է՝ Հայաստանն ավելի վատ վիճակում չի կարող հայտնվել, բայց ՄԻՊ-ի  աշխատանքների առումով վիճակն ավելի կտուժի:

«ՄԻՊ-ի գրասենյակն ախտորոշիչ գործիք է, որի միջոցով կարելի է ախտորոշել վիճակը մարդու իրավունքների ոլորտում: Հիմա իրավիճակը նման է հիվանդ մարդու ջերմաչափվելուն, և եթե մարդը տեսնում է, որ ջերմությունը բարձր է, փոխանակ միջոցներ ձեռնարկի այն իջեցնելու, բուժվելու համար, պարզապես կոտրում է ջերմաչափը: Այս դեպքում չե՞ն ասի, որ դու ապուշ ես: Եթե ՄԻՊ-ը վիճակն է ախտորոշում ու փոխանակ մտածեն, թե ինչպես բացահայտված խնդիրները լուծեն, վիճակը բարելավեն, դրա փոխարեն փորձում են կազմալուծել այդ կառույցի բնականոն աշխատանքները: Հիմա այս իշխանությունը բուժվելու փոխարեն ջերմաչափը կոտրող մարդուն են նման. այս մարդը ուղեղ ունի՞»,– հարցադրում արեց Հայկ Ալումյանը:

Leave a Response