Քիշնևում քննարկում են տարածաշրջանային թվային կապակցվածության զարգացման հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի 9-10-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցում է ԵՄ «Կապակցվածության օրակարգի հարթակ» միջոցառման շրջանակում անցկացվող թվային հարցերով նախարարական առաջին հանդիպմանը։ Նախարարին ուղեկցում է նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
Հանդիպման նպատակն է համախմբել Եվրոպական միության անդամ պետությունների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի՝ թվային փոխակերպման հարցերով պատասխանատու նախարարներին, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու տարածաշրջանային թվային կապակցվածության զարգացման հեռանկարները, համագործակցության հնարավորություններն ու համատեղ նախաձեռնությունները։
Միջոցառման շրջանակում անցկացվել են բարձր մակարդակի քննարկումներ՝ Տրանսկասպյան միջանցքի երկայնքով թվային կապակցվածության զարգացման և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման վերաբերյալ։





