Կյանքը de facto

20 000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր՝ երեխային մեքենայով ոչ պատշաճ տեղափոխելու համար

45views

 

Կառավարությունը հոկտեմբերի 22-ի նիստում հավանության է արժանացրել՝ երեխաների՝ տրանսպորտային միջոցներով անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով առաջարկվում է գործող 5000 դրամ տուգանքի փոխարեն սահմանել 20 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։

Iravaban.net–ի փոխանցմամբ՝ առաջարկը ներառված է իրավական ակտերի նախագծերի փաթեթում, որով նախատեսվում են նաև փոփոխություններ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու ստուգման և մասնավոր պահնորդական գործունեության ոլորտներում։

 

Թմրամիջոցների օգտագործմամբ պայմանավորված ոչ սթափ վիճակի ստուգում

 

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել տեխնիկական միջոցների կիրառմամբ թմրամիջոցների օգտագործմամբ պայմանավորված ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգման հնարավորություն։ Նման ստուգման արդյունքների հիման վրա նախատեսվում է կիրառել նաև վարչական պատասխանատվություն։

 

Փոփոխություններ՝ մասնավոր պահնորդական գործունեության ոլորտում

 

Առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությանը վերապահել առանց համապատասխան լիցենզիայի մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելու կամ մատուցելու, ինչպես նաև այդպիսի ծառայություններից օգտվելու վերաբերյալ վարչական իրավախախտումների գործերը քննելու և որոշումներ կայացնելու իրավասությունը։

 

Փոփոխություն՝ ոստիկանության լիազորություններում

 

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Ոստիկանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, որով ոստիկանությանը վերապահված է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով փորձաքննություններ կատարելու իրավունքը։

 

Հիմնավորման համաձայն՝ փոփոխությունը պայմանավորված է ոստիկանության համակարգային վերակազմավորմամբ, որի արդյունքում փորձաքրեագիտական ծառայությունը ոստիկանության կազմից դուրս է բերվել և ՊՈԱԿ-ի կարգավիճակով ընդգրկվել Քննչական կոմիտեի կազմում։

 

Ներկայացված դրույթները նախագծով առաջարկվող կարգավորումներ են։ Դրանց ուժի մեջ մտնելու և կիրառման ժամկետները կախված են նախագծերի ընդունումից և համապատասխան իրավական ակտերի ուժի մեջ մտնելու կարգից,-տեղեկացնում է Iravaban.net–ը։

 

Իրավաբան.net

Leave a Response