Հադրութի և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է 20 աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Մարտական գործողությունների Հադրութ-Կարմրակուճի և Ջաբրայիլի ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 19 զոհված զինծառայողի և 1 քաղաքացիական անձի աճյուններ:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Դատաբժշկական փորձաքննություն է իրականացվում պարզելու զոհված քաղաքացիական անձի ինքնությունը: Նրա մարմինը գտնվել է Հադրութի Կարմրակուճ գյուղի հատվածում՝ դաշտում: Փորձաքննությունը կպարզի նաև՝ արդյոք քաղաքացին զոհվել է պատերազմական գործողությունների հետևանքով, թե սպանվել է: Ընդհանուր առմամբ՝ առայսօր մարտական գործողությունների վայրերից հայտնաբերվել է 1175 զոհվածի աճյուն: Այսօր որոնողական աշխատանքերը շարունակվում են Հադրութ-Կարմրակուճի և Մեխակավանի (Ջաբրայիլ) ուղղություններով»,-մանրամասնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ զոհվածների աճյունների որոնմանը զուգահեռ, բոլոր վայրերում աշխատանքներ են իրականացվում նաև ողջ մնացած զինծառայողների ու քաղաքացիների հայտնաբերման ուղղությամբ: