Կյանքը de facto

2027 թվականից էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոնների համար կգործեն նոր կարգավորումներ

48views

2027 թվականից էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոնների համար կգործեն նոր կարգավորումներ: Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծից:

 

 

2027 թվականի հունվարի 1-ից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգում կկատարվեն փոփոխություններ, որոնք վերաբերում են նաև էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների (էլեկտրոնային ՀԴՄ) կտրոններին։

 

Փոփոխությունները նախատեսված են ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման N 1 հավելվածում։

 

Ի՞նչ է փոխվում

 

Գործող կարգավորումներով որոշ դեպքերում հարկային հաշվի կամ հաշիվ-վավերագրի հետ միաժամանակ տրամադրվող ՀԴՄ-ի կտրոնի համարը պետք է նշվի համապատասխան հաշվարկային փաստաթղթի «Լրացուցիչ տվյալներ» բաժնում։

 

Մասնավորապես, եթե նույն գործարքի շրջանակում տրամադրվում են՝

 

հարկային հաշիվ,

հաշիվ-վավերագիր կամ

ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ,

և միաժամանակ տրամադրվում է ՀԴՄ-ի կտրոն, ապա հաշվարկային փաստաթղթում նշվում է տվյալ գործարքի շրջանակում տրամադրված կտրոնի համարը։

 

Նույնը վերաբերում է այն դեպքին, երբ հարկային հաշվի կամ հաշիվ-վավերագրի հետ տրամադրվում է ՀԴՄ-ի կտրոն, իսկ հետագայում գործարքը ճշգրտվում է։ Այդ դեպքում ճշգրտվում է նաև համապատասխան հարկային հաշիվը կամ հաշիվ-վավերագիրը։

 

Էլեկտրոնային ՀԴՄ-ն նույնպես կներառվի 2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված ՀՕ-309-Ն օրենքով նախատեսվել է ՀԴՄ-ի մասով գործող կարգավորումները կիրառել նաև էլեկտրոնային ՀԴՄ-ների նկատմամբ։

 

Դրան համապատասխան՝ կառավարության որոշմամբ առաջարկվում է N 1257-Ն որոշման մեջ հստակ ամրագրել, որ ՀԴՄ-ի կտրոնի վերաբերյալ կարգավորումները ներառում են նաև էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոնը։

 

Այսինքն՝ համապատասխան հաշվարկային փաստաթղթերի դեպքում անհրաժեշտ կլինի հաշվի առնել նաև էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոնի տվյալները։

 

Ե՞րբ է ուժի մեջ մտնելու

 

Փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։

 

Փոփոխության հիմնական նպատակն է գործող կարգավորումները համապատասխանեցնել էլեկտրոնային ՀԴՄ-ների վերաբերյալ նոր իրավական կարգավորումներին և նույն գործարքի շրջանակում տրամադրվող փաստաթղթերի ու կտրոնների միջև կապը հստակեցնել։

 

Փոփոխությունը ոչ թե վերացնում է ՀԴՄ-ի կտրոնի համարը հաշվարկային փաստաթղթում նշելու պահանջը, այլ այդ կարգավորման շրջանակում հստակորեն ներառում է նաև էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոնը։

Leave a Response