Կյանքը de facto

27 տարին լրացած և զինծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն է տրվում դատապարտվելու փոխարեն օգտակար լինել պետությանը․ Հայկ Սարգսյան

256views

ԱԺ-ն քննարկում է իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ  քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Զեկուցման ժամանակ Հայկ Սարգսյանը նշեց, որ օրենքների նախագծի փաթեթով նպատակ է դրվել լուծել երկու հիմնական խնդիր։

«Գործող կարգավորումներով 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթական են դատապարտման։ Նրանք որևէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում էլ չեն կարող ծառայել, քանի որ համավում են զինվորական ծառայության սահմանային տարիքն անցած։ Նախագծով առաջարկում եմ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն՝ ազատվել քրեական պատասխանատվությունից՝

1․ երկու տարի ծառայելով

2․ 1 տարի ծառայելով և պետբյուջե վճարելով  2․5 մլն դրամ

3․ 6 ամիս ծառայելով՝ պետբյուջե վճարելով 5 մլն դրամ

4․ 1 ամիս ծառայելով՝ վճարելով 10 մլն դրամ

5․ վճարել 15 մլն դրամ»,- ասաց նա։

Պատգամավորը ներկայացրեց, որ 2004-2019 թթ-ին  գործել է սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիների մասին օրենք, որը հնարավորություն էր տալիս այդ քաղաքացիներին վճարել 200,000 դրամ ամեն բացակայած զորակոչի համար և ազատվել պատասխանատվությունից։

«Առավելագույնը 3,6 մլն դրամ վճարելով՝ սույն խմբի քաղաքացիները ազատվում էին քրեական պատասխանատվությունից, այս օրենքից օգտվել է 10․000 քաղաքացի։ 2021թ-ին, երբ երկու տարի որևէ կարգավորում չկար, ԱԺ-ն ընդունեց համաներման մասին օրենք, որից օգտվեցին 1360 քաղաքացիներ՝  չվճարելով որևէ դրամ և չծառայելով որևէ օր։ Եթե այն ժամանակ համաներման փոխարեն ընդունվեր իմ կողմից առաջարկվող կարգավորումները, ապա կունենայինք ավելի քան 10 մլրդ հավելյալ մուտքեր պետական բյուջե և 1000-ից ավելի զինծառայողներ մեր զինված ուժերում»,- ասաց Սարգսյանը։

Վերջինս հավելեց, որ առաջարկվող նախագծով 27 տարին լրացած և պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիներին հնարավորություն է տրվում օգտակար լինել պետությանը՝ ծառայությամբ  կամ գումար վճարելով՝ դատապարվելու և պետության համար բեռ դառնալու փոխարեն։

Leave a Response