Կյանքը de facto

44-օրյա պատերազմում հանցագործությունների վերաբերյալ 2150 քրգործ է քննվել

676views

2021 թվականի ընթացքում վարույթում քննվել է 44-օրյա պատերազմում հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ. տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի նկատմամբ։

«55 անձ արդեն իսկ այդ քրեական գործերով դատի է տրվել, ունենք համապատասխան դատավճիռներ. արդեն իսկ ավարտված քրեական գործերով պարզվել է, ցավոք, որ պատերազմական գործողությունների ընթացքում մեր Զինված ուժերի ներկայացուցիչներ, բազում սպաներ, այդ թվում, բարձրաստիճան սպաներ մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել, որոնցով այդ անձանց նկատմամբ ունեցել ենք քրեական հետապնդումներ, ունենք նաև դատի տրված անձինք, մնացյալ գործերով նախաքննությունը շարունակվում է», — Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան:

Գլխավոր դատախազը վստահեցրեց՝ նախանձախնդիր են այդ գործերով առավելագույնս օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու ու հանցավոր խախտումներ թույլ տված ու, հատկապես, պատերազմի ցավալի ելքով պայմանավորված կամ այդ ելքին հանգեցրած հանցավոր խախտումներ թույլ տված յուրաքանչյուրի պատասխանատվությանը հասնելուն։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարված հանցագործություններին, ապա, Արթուր Դավթյանի խոսքով, օբյեկտիվ ապացույցներով փաստագրված պատկերը հետևյայն է՝ թույլ են տրվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, զինծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, կոնկրետ դեպքերում կանխամտածված թիրախավորվել են բնակավայրերը, թիրախավորվել են քաղաքացիական անձինք, իրականացվել է քաղաքացիական անձանց սպանություն, պատերազմ վարելու կանոններ են խախտվել, արգելված զինատեսակներ են կիրառվել, թիրախավորվել ու ոչնչացվել են հայկական պատմաշակութային արժեքներ, իրականացվել են բռնության, խոշտանգման ու սպանության գործողություններ

Արթուր Դավթյանը նշեց, որ քրեական գործով ձեռք բերված օբյեկտիվ փաստերն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ 2020 թվականի դեռևս հունիս-հուլիս ամիսներից սկսած՝ Սիրիայի հյուսիսային հատվածներից հանրահայտ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվել են վարձկանների հավաքագրումներ. վարձկանները անարգել Թուրքիա-Սիրիա պետական սահմանով տեղափոխվել են Թուրքիայի տարածք, որտեղից տեղափոխվել են Ադրբեջան, այնտեղ իրականացվել է նրանց ռազմական պատրաստումը։

«Լեռնային հատվածներում մարտ վարելու համար հատուկ պատրաստություն են անցել, հրահանգավորում են ունեցել սպանելու, խոշտանգելու քաղաքացիական բնակչությանը։ Մեր զինված ուժերին պատերազմի ժամանակ հաջողվել էր հայտնաբերել ու ձերբակալել երկու այդպիսի վարձկանի, ովքեր շատ մանրամասն ներկայացրել են այն ամենը, ինչի մասին խոսեցի», — հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը

Երկու վարձկաններ էլ դատապարտվել են ցմահ ազատազրկման. ընդհանուր առմամբ՝ այս պահի դրությամբ կա քրեական հետապնդման ենթարկված ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության շուրջ 60 ներկայացուցիչ։

Leave a Response