Կյանքը de facto

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

45views

Լեռնային Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձինք իրենց կեցության և այլ ծախսերը հոգալու համար կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ նաև 2027 թվականին: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Այսպիսով, առանձին խմբերին տրամադրվող ամսական 30 000 դրամի չափով սոցիալական աջակցության միջոցառումը կերկարաձգվի մինչև 2027 թ. հուլիս։ Միաժամանակ, 2027 թ. ապրիլից նախատեսվում է աջակցության չափը նվազեցնել՝ սահմանելով ամսական 15 000 դրամ։ Կառավարությունը, ըստ իր ներկայացրած պատճառաբանության, այսպիսով նպատակ ունի խթանել նրանց սոցիալ–տնտեսական ինքնուրույնությունը։

Դիմումների ներկայացման վերջնաժամկետներն են համապատասխանաբար 2026 թ. դեկտեմբերի 15–ի փոխարեն 2027 թ. հունիսի 30–ը և 2027 թ. դեկտեմբերի 15–ը:

Կառավարությունից նշում են, որ 2026 թ․ սեպտեմբերի համար աջակցություն է ստացել 45 800 անձ, ամսական ֆինանսավորման չափը կազմել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Նախորդ ամիսների համեմատ շահառուների թվի էական փոփոխություն չի նկատվել։

Սոցիալական աջակցության այս 2 միջոցառումների տրամադրման ժամկետների վերանայման արդյունքում 2027 թ. համար կանխատեսվող ֆինանասական չափը կկազմի շուրջ 12․6 մլրդ․ դրամ, որը կտրամադրվի 2027 թ. ՀՀ պետական բյուջեից:

Հիշեցնենք, որ աջակցության այս ծրագրերը գործում են 2024 թվականի նոյեմբերի 21–ից։

Leave a Response