Բացարձակ սուտ է, թե օտարերկրյա բարեկամից ստացվող փոխանցումը հարկվում է. ՊԵԿ փոխնախագահ
Վարկերի մասով մեր բազմաթիվ քաղաքացիներ հարց էին բարձրացնում, թե ինչու են վարկերը հայտարարագրման ենթակա, մենք՝ Ֆինանսների նախարարությունը, Կառավարությունը վերացրել է այդ պահանջը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանը:
«Շեմի մասով, այո՛, շեմը վերանայվել է և, փորձեմ ավելի պարզ լեզվով բացատրել, որ հասկանալի լինի, օրինակ՝ երկու ընկեր, միասին գնացել են որևէ սրճարան և մի ընկերը վճարում է կատարել, այնուհետև մյուսը համապատասխան փոխհատուցում է տալիս, նման դեպքերը, իրականում, օրենքի իմաստով նախկինում էլ հայտարարագրման ենթակա չէին, բայց հիմա՝ առավել ևս: Գործարքի մասով շեմի առկայությունը հնարավորություն է տալիս, որ նման գործարքների համար մեր քաղաքացիներն ընդհանրապես չանհանգստանան»,-պարզաբանել է նա։
ՊԵԿ փոխնախագահն ասել է, որ այս թեմայով մեդիադաշտում շատ է ապատեղեկատվությունը, իրենց նպատակն ինչ-որ փոքր գործարքներ բացահայտել կամ դրանց համար վարչարարություն անելը չէ, այլ ընդհանուր պատկերը տեսնելը:
«Նախկինում բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնք ևս ապատեղեկատվություն են եղել, օրինակ՝ ձեր օտարերկրյա բարեկամներից ստացվող փոխանցումները սկսում են հարկվել և այլն: Փորձը ցույց տվեց, ինչպես և մենք ասում էինք, որ նման իրողություն չկա և դա բացարձակ սուտ է եղել»,-նշել է Գևորգյանը։





