ԳլխավորԿյանքը de factoՀասարակություն

Քվեաթերթիկը՝ ապրելու իրավունք

280views

 

Մենք հաճախ կարծում ենք, թե պատմական իրադարձությունները տեղի են ունենում մեզնից անկախ, բայց իրականում այն գրվում է հենց այս պահին՝ յուրաքանչյուրիս գործողությամբ կամ անգործությամբ։ Հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները հենց պատմություն կերտելու կամ այն իսպառ ոչնչացնելու մասին են։

Լրագրողական գործունեությանս ողջ ընթացքում երբեք նախընտրական կոչերով կամ քաղաքական հայտարարություններով հանդես չեմ եկել, այսօր, սակայն, իմ խորին համոզմամբ, լռությունն ու անտարբերությունը հավասարազոր են դավաճանության։ Մենք կանգնած ենք վերջնագծի վրա, որից այն կողմ այլևս քաղաքականությունը չէ. այնտեղ կա՛մ Հայրենիքն է, կա՛մ ծխացող դատարկությունը, նույն ինքը` չգոյությունը։ Այս ընտրությունը հերթական խոստումների կամ ծրագրերի մասին չէ, սա պայքար է ԳՈՅՈՒԹՅԱՆ և ՉԳՈՅՈՒԹՅԱՆ միջև։ Տանը նստելով և «միևնույնն է, ոչինչ չի փոխվի» ասելով՝ կատարում ենք ամենասարսափելի ընտրությունը՝ դառնալով սեփական պետության կործանման մասնակիցը. յուրաքանչյուրիս ընտրատեղամաս չգնալն ու քվեաթերիկը չօգտագործելը ձայն է՝ տրված մեր թշնամուն։

Մենք պարտավոր ենք ընտրել այն ուժը կամ անհատին, ով աշխարհաքաղաքական արյունարբու խաղերի մեջ կծառայի միայն հայի շահին, ով չի սակարկի մեր հողն ու արժանապատվությունը։ Այսօր բնավ կարևոր չէ, թե ինչ աստիճանի ենք հիասթափված բոլորից կամ տեսնում ենք արդյոք արժանի թեկնածու, միևնույնն է, պետք է գնալ ընտրատեղամաս։ Եթե անգամ չեք ցանկանում ընտրել ոչ ոքի, ապա պետք է պատռել բոլոր քվեաթերթիկները, անվավեր դարձնել այն, բայց օգտագործե՛լ սեփական ձայնի իրավունքը, որպեսզի անտարբեր լռությունը չդառնա գործիք ու չօգտագործվի ի վնաս մեզ։

Մեր չքնաղ երկրին տեր կանգնել է պետք հիմա՛, քանի որ այսօր միավորվելը ոչ թե պարզապես ցանկություն է, այլ ազգային հրամայական։ Մենք իրավունք չունենք  անտարբերությամբ կանաչ լույս վառել թշնամու առաջ։

Հա՛ յ մարդ, գնա՛ քվեարկության և թույլ մի՛ տուր, որ քո լռությամբ գրվի մեր պատմության վերջին էջը։

 

Մերի Եղիազարյան

gmpress.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր

 

Leave a Response