
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ձերբակալված 10 աջակիցներից 6-ը կալանավորվել են, մեկի համար խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Այս մասին Factor TV-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Մյուս 3 ձերբակալված անձանց վերաբերյալ դատական նիստերը դեռ չեն կայացել։ Հիշեցնենք, որ ըստ նախաքննական մարմնի` «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը: Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ նույն օրը Մեծավան բնակավայրի Անդրանիկի փողոցի սկզբնամասում գտնվող հրապարակում` ճանապարհի երթևեկելի հատվածում, միացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակիցների նկատմամբ՝ այդկերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։
Եվգենյա Համբարձումյան





