Կրեմլը հրապարակել է ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ

Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ կապված Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումների շուրջ ստեղծված իրավիճակի հետ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հանդես են եկել Հայաստանում Եվրամիությանը անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով հանրաքվե անցկացնելու օգտին։
«Կիսում ենք այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս կարճ ժամկետում անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրամիությանը անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու վերաբերյալ»,– ասված է Կրեմլի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցը կներկայացվի 2026 թվականի դեկտեմբերին։
Փաստաթղթում նաև նշվում է, որ Հայաստանի նախապատրաստումը Եվրամիությանը անդամակցելուն զգալի ռիսկեր է ստեղծում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար։
Անի Վարդանյան





