
2026 թվականի հունիսի 30-ից ՌԴ մուտք գործող, վիզային ռեժիմից ազատ երկրների քաղաքացիների համար RuID հավելվածի օգտագործումը պարտադիր է դառնում: Այն օտարերկրացիները, որոնք առանց վիզային ռեժիմի երկրից են և ցանկանում են մուտք գործել Ռուսաստան, պետք է մուտքից ամենաուշը 72 ժամ առաջ գրանցվեն համակարգում: Հայաստանի և Ռուսաստանի միջև ևս առանց վիզայի մուտքի ռեժիմ է գործում, ուստի՝ RuID-ը պարտադիր է դառնում նաև ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք չունեն նաև ՌԴ քաղաքացիություն, բնակության թույլտվություն կամ կացության կարգավիճակ: Ինչ է RuID-ը Gosuslugi RuID-ը Ռուսաստանի պետական թվային ծառայությունների (Gosuslugi) համակարգի համար ստեղծված պաշտոնական բջջային հավելված է, որը նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների համար։ Դրա հիմնական նպատակներն են՝ օտարերկրացու թվային պրոֆիլի ձևավորում, նախապես մուտքի մասին ծանուցման ներկայացում, անձի նույնականացում, QR կոդի տրամադրում, հետագայում Ռուսաստանի պետական թվային ծառայություններից օգտվելու հնարավորություն (անհրաժեշտության դեպքում) RuID հավելվածը մշակվել է Ռուսաստանի կառավարության թվայնացման ծրագրի շրջանակում՝ որպես օտարերկրացիների մուտքի նոր համակարգի բաղադրիչ։ Այն գործարկվել է 2025 թվականի հունիսի 30-ից՝ որպես փորձնական ծրագիր և գործել կամավորության սկզբունքով, մեկ տարի անց, փաստորեն, այն դառնում է պարտադիր: RuID-ը պարտադիր է նաև միջազգային բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող օտարերկրացի վարորդների համար: Նրանք ևս պարտավոր են հավելվածով ներկայացնել էլեկտրոնային հայտ, նշել մուտքի նպատակը, լրացնել բեռի տվյալները կամ ուղևորների ցանկը, կցել իրենց անձը և գործունեությունը հաստատող փաստաթղթեր։



