Շաքարային դիաբետով ծխnղ հիվանդների մոտ ոտնաթաթի ամպnւտացիայի ռիսկը կարող է աճել մինչև 65 տոկոսով

Ծխելը շաքարային դիաբետով հիվանդների մոտ ինչ այլ հետևանքների կարող է հանգեցնել՝ ներկայացված է հոդվածում։
Փորձագետի խոսքով՝ մարդու օրգանիզմի վրա ամենակործանարար ազդեցությունն ունի ծխելը՝ ինչպես համակարգային, այնպես էլ տեղային մակարդակներում։ «Առաջին և երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունեցող ծխողները ենթարկվում են ավելի բարձր ռիսկի՝ նիկոտինի և ծխախոտի ծխի թունավոր նյութերի կողմից անոթներին հասցվող անմիջական վնասի, ինչպես նաև գլիկեմիկ հսկողության և լիպիդների մակարդակի վրա ծխելու անուղղակի բացասական ազդեցության պատճառով», նշում է պրոֆեսոր Գալստյանը։
Նա հավելում է, որ նյարդային համակարգը խոցելի է ծխելու հետևանքով առաջացող օքսիդատիվ սթրեսի նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել դիաբետիկ նեյրոպաթիայի։ Այդ պատճառով ծխող հիվանդների մոտ ոտնաթաթի ամպուտացիայի ռիսկը բարձրանում է մինչև 65%-ով, իսկ իշեմիկ հիվանդությունների առկայությունը այդ ռիսկն էլ ավելի է մեծացնում։
Ըստ վիճակագրական տվյալների՝ յուրաքանչյուր երեք մեծահասակից մեկը ծխում է։ «Շատ հիվանդներ նվազեցնում են իրենց ծխախոտի քանակը կամ ընդհանրապես թաքցնում են ծխելու փաստը։ Իսկ շաքարային դիաբետ ունեցող ծխողների միայն 38%-ն է իրականում հրաժարվում այդ սովորությունից ախտորոշումից հետո»,- նշում է Գալստյանը։
Նրա խոսքով՝ ծխելու վնասակար ազդեցությունը դժվար է գերագնահատել։ Այն բազմապատկում է շաքարային դիաբետի դեպքում նյութափոխանակային խանգարումները, խթանում բորբոքային գործընթացները և ենթաստամոքսային գեղձի ֆիբրոզի զարգացումը։ Վնասվում են ինսուլին արտադրող բջիջները, վատանում է հորմոնի արտադրությունը, զարգանում են ինսուլինային ռեզիստենտությունը և գլիկեմիկ խանգարումները։
Երկարատև ծխելը դանդաղեցնում է հյուսվածքների վերականգնումը, դժվարացնում վերքերի և վիրահատական կարերի ապաքինումը, բարձրացնում վարակների տարածման և հետագա նեկրոզի հավանականությունը։ Նեյրոպաթիայի հետ զուգակցված՝ սա հատկապես վտանգավոր է դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշի դեպքում, հատկապես վիրահատությունից հետո։
Ծխելը նաև նպաստում է արյունատար անոթների անգիոպաթիկ ախտահարումների զարգացմանը՝ առաջացնելով անոթային սպազմ, բարձրացնելով արյան մածուցիկությունը և վատացնելով ստորին վերջույթների արյունամատակարարումը շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ։ Այս գործընթացն ավելի է խորանում մետաբոլիկ համախտանիշի առկայության դեպքում, որը տարածված է բնակչության զգալի մասի շրջանում։
Մեկ այլ վիճակ, որը ծանրացնում է շաքարային դիաբետի ընթացքը, սրտա-երիկամային-մետաբոլիկ (CaReMe) համախտանիշն է։ Այն կարող է հանգեցնել բազմաօրգանային դիսֆունկցիայի, երբ խանգարվում է միաժամանակ մի քանի կենսական կարևոր օրգանների կամ համակարգերի գործունեությունը։
Գալստյանի խոսքով՝ շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ CaReMe և մետաբոլիկ համախտանիշների բացասական ազդեցությունը նվազեցնելու հիմնական միջոցը դրանց վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է։ «Վնասակար սովորություններից լիարժեք հրաժարումը կարևոր նախապայման է հիվանդի վիճակի բարելավման համար՝ ինչպես վիրահատությունից առաջ և հետո, այնպես էլ շաքարային դիաբետի բուժման բոլոր փուլերում», նշում է նա։
Նույնիսկ հիվանդության ուշ փուլերում ծխելու դադարեցումը նվազեցնում է հյուսվածքների բորբոքումը, բարելավում արյան շրջանառությունը, նվազեցնում բարդությունների, այդ թվում թրոմբոզների ռիսկը և մեծացնում վերքերի ապաքինման հավանականությունը։ Վիրահատությունից առնվազն երեք շաբաթ առաջ ծխելը դադարեցնելը զգալիորեն նվազեցնում է հետվիրահատական հիվանդացությունը։
Միևնույն ժամանակ, նույնիսկ ծխելը թողնելուց հետո շատ մարդիկ կրկին վերադառնում են այդ սովորությանը՝ կախվածության ծանր ձևի պատճառով։ Գալստյանի խոսքով՝ ծխելը բաղկացած է երկու բաղադրիչից՝ ֆիզիկական (նիկոտինի ազդեցությունը գլխուղեղի ընկալիչների վրա) և հոգեբանական (կայուն վարքագծային ծեսեր)։ Դոպամինային համակարգի վրա ազդեցության միջոցով ծխելը նպաստում է վարքային խանգարումների ձևավորմանը, որոնք դժվարացնում են ինքնուրույն հրաժարումը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ծխողների միայն 4%-ն է կարողանում ինքնուրույն թողնել ծխելը՝ առանց արտաքին աջակցության։
Փորձագետի կարծիքով՝ շաքարային դիաբետով և ծանր նիկոտինային կախվածությամբ հիվանդների համար ռիսկի նվազեցմանն ուղղված մոտեցումները կարող են կարևոր դեր ունենալ կյանքի որակի բարելավման գործում։ Միաժամանակ նա ընդգծում է, որ անչափահասների կողմից ցանկացած տեսակի ծխախոտային արտադրանքի օգտագործման նկատմամբ պետք է ցուցաբերվի զրոյական հանդուրժողականություն։



