Առողջապահություն

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի տարածման հավանական աղբյուրը

1.5kviews

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները հակված են ենթադրել, որ նոր տեսակի կորոնավիրուսի ծագման աղբյուր կարող էր հանդիսանալ Չինաստանում վայրի կենդանիների վաճառքը: Այս մասին ասվում է Bloomberg-ի ռեպորտաժում, որում ներկայացվել է Ուհանում ուսումնասիրություններ իրականացրած փորձագիտական խմբի կարծիքը:

Մասնագետները նշում են, որ իրենց ուսումնասիրությունների հիման վրա կազմված զեկույցը կհրապարակվի այս շաբաթ, թեև դրանում տեղ գտած ենթադրությունները վերջնական չեն լինելու:

Գործակալության փոխանցմամբ՝ զեկույցում կներկայացվի այն վարկածը, որի համաձայն՝ 2019 թվականին հայտնաբերված կորոնավիրուսը կարող է ծագումնաբանական նմանություն ունենալ այն վիրուսի հետ, որը սուր շնչառական համախտանիշ է առաջացնում: Այդ վիրուսի նախնական կրողները չղջիկներն են եղել, իսկ մարդկանց այն անցել է փոքր կաթնասունների միջոցով:

Ռեպորտաժում մեջբերում են փորձագիտական խմբի ղեկավար Փիթեր Դասզակին, որի տվյալներով՝ Ուհանի շուկայում վաճառում էին կենդանիներ, որոնք կարող էին չղջիկներից վարակվել կորոնավիրուսով և փոխանցել վիրուսը մարդուն:

ԱՀԿ փորձագիտական խումբն Ուհանում ուսումնասիրություններ է սկսել կատարել հունվարի 28-ին, իսկ փետրվարի 9-ին կայացած ասուլիսում նրանք հայտնել են, որ լուրջ առաջընթաց վիրուսի ծագումը պարզելու հարցում չեն արձանագրել, սակայն մի շարք հիմնական վարկածներ են առանձնացրել:

Leave a Response