Կյանքը de factoՊաշտոնական

ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ–ում ԵՄ դեսպանին

1.1kviews

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն  ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Ողջունելով ԵՄ դեսպանին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:

Ալեն Սիմոնյանը դեսպանին տեղեկացրեց, որ ՀՀ Ազգային ժողովում ձեւավորվել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը, իսկ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի ԱԺ պատվիրակությունը ձեւավորման փուլում է:

Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն հայտնեց ԵՄ-ի կողմից տրամադրվող նշանակալի աջակցության համար (2,6 մլրդ եվրո)՝ շեշտելով, որ  այն ուղղված է լինելու մի շարք ուղենշային նախաձեռնությունների:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵՄ դեսպանն իր խոսքում  մեծապես կարեւորեց 2021 թվականի՝ արդար եւ ժողովրդավարական  խորհրդարանական ընտրությունները:  Նա վերահաստատեց ԵՄ  շարունակական աջակցությունը հայաստանյան ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:

Կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին՝ երկուստեք փաստելով, որ  հարցի կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս համատեքստում քննարկվեցին տարածաշրջանային կայունության  եւ անվտանգության ամրապնդման  հարցերը:  Անդրադարձ եղավ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին:

Հանդիպման ավարտին երկուստեք կարեւորվեց  խորհրդարանական ձեւաչափով համագործակցության ակտիվացմանը միտված ծրագրերի իրականացումը:

Leave a Response