ԱռողջապահությունԺամանց

Քաղցկեղը դատավճիռ չէ. անժամկետ բարեգործական ակցիա՝ քիմիաթերապիա ընդունելու արդյունքում հոնքերի մազերի աճի հետ կապված խնդիր ունեցողների համար

28.1kviews

 

Քաղցկեղը դատավճիռ չէ, քաղցկեղով հիվանդ, քիմիաթերպիա ընդունող մարդիկ մեր հասարակության լիիրավ անդամներն են, և բոլորիս խնդիրը պետք է լինի ոչ թե տարվա մեջ մեկ օր, այլ յուրաքանչյուր օր ու վայրկյան, մեր հնարավորությունների սահմաններում օգնել, սատարել, ժպիտներ պարգևել նրանց: Այս համատեքստում էլ Երևանի գեղեցկության սրահներից մեկն անժամկետ բարեգործական ակցիա է հայտարարել քիմիաթերապիա ընդունելու արդյունքում հոնքերի մազերի աճի հետ կապված խնդիր ունեցողների համար՝ օգնելով կոսմետոլոգիական միջամտությամբ վերականգնել դրանք:

 

gmpress.am-ը, կարևորելով նման ակցիաների անհրաժեշտությունը, զրուցել է գեղեցկության սրահի տնօրեն, բժիշկ-կոսմետոլոգ, էսթետիկ կոսմետոլոգ Անի Մուրադյանի հետ, ով անդրադառնալով նախաձեռնությունն իրականացնելու շարժառիթներին, նման խնդրով այցելուների քանակին, նրանց արձագանքին, ասաց.  «Մոտ 3 տարի առաջ հաճախորդներիցս մեկն իր քրոջը բերեց մեր սրահ, ով քիմիաթերապիայի կուրսից հետո ամբողջությամբ զրկվել էր թե՛ գլխի, և թե ՛ հոնքերի մազերից: Աշխատանքս ավարտելուց հետո, երբ հաճախորդին հայելի տվեցի, որ արդյունքը տեսնի՝ ամբողջ մարմնովս սարսուռ անցավ…. նա արտասվում էր ՝ շոյելով իր հոնքերը.  ես նրա դեմքին ժպիտ էի «նկարել»։ Անկեղծ ասեմ՝ երբեք այդքան չէի հուզվել։ Նա վճարումը կատարելուց հետո  անչափ գոհ ու շնորհակալ դուրս եկավ սրահից, սակայն մի ամբողջ ամիս գումար վերցնելու համար խիղճն ինձ տանջում էր։ Այդ դեպքից հետո արդեն երեք տարի է այս ակցիան կա ու կլինի միշտ. քաղցկեղով հիվանդ բոլոր այցելուներին սպասարկելու եմ անվճար։ Նման խնդրով այցելուներ շատ ունեմ, նույնիսկ մարդիկ կան, ովքեր թերահավատորեն են մոտենում՝ մտածելով, թե ինչպես կարող է  30000 դրամ արժողությամբ պրոցեդուրան բոլորովին անվճար լինել։ Ես այս ամենն անում եմ ամենաանկեղծ ցանկությամբ ու մտադրությամբ, բոլորի հետ ապրում եմ, հուզվում, նույնիսկ՝ զանգում եմ, հետաքրքրվում նրանց վիճակով, բուժման ընթացքով….. Նրանք արտասվում են ուրախությունից, երբ մազ են տեսնում հոնքերին, իսկ դա ավելին է, քան, պարզապես, խոսքերը: Կցանկանայի միայն ավելացնել՝ մարդ եղե՛ք, մարդի՛կ, այսօր ամեն ինչ ժամանակավոր է՝ մարդ լինելն է հավերժ: Սիրեք և կարեկցող եղեք միմյանց նկատմամաբ՝ գումարից կարևոր և արժեքավոր բաներ կան այս կյանքում։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ, որ հետաքրքրվում եք , գուցե այս հոդվածը կկարդան մարդիկ, ում ևս կկարողանանք ժպիտներ պարգևել…..  Առողջ եղե՛ք,- եզրափակեց բժշկուհին:

Ի հավելումն միայն ասենք, որ նման նախաձեռնությունները պետք է ավելի շատ լինեն, մարդասիրական մոտեցումները միայն հայացքների ու գաղափարների կաղապարում չպետք է մնա, պլանավորումից իրական գործողության անցնել  է պետք. օգնության ձեռքը զորեղ  է, ուժ է ու հավատ:

Leave a Response