Արյան մեջ հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստումներ ստանալու համար. ՀՀ ԱՆ
Օրերս gmpress.am լրատվական կայքի գլխավոր խմբագիրը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել աշխատողների պարտադիր պատվաստման կամ թեստավորման հետ կապված մի քանի հարցերի շուրջ:
Ստորև ներկայացնում ենք հարցերն ու դրանց՝ նախարարության կողմից ուղարկված պատասխանները:
Հարց- Արդյո՞ք հակամարմինների թեսթի հանձնումը բավարար հիմք է չպատվաստվելու կամ չթեստավորվելու համար, և եթե այո, ապա՝ ի՞նչ պարբերականությամբ է պետք այն հանձնել:
Պատասխան- Ապացուցողական բժշկության տվյալներով չկա հակամարմինների սահմանված մակարդակ, որը կպաշտպանի անձին վարակվելուց: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում արյան մեջ հակամարմինների մակարդակի որոշում՝ մինչև պատվաստումը: Հետևաբար, կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) նախկինում հիվանդացած լինելու փաստը և արյան մեջ հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստումներ ստանալու համար, քանի որ գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր, իսկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքեր։
Հարց- Եթե մարդը (պացիենտը) գիտի կամ կասկածում է իր առողջական այս կամ այն խնդրի մասին, որն, իր կարծիքով կարող է լինել պատվաստաման համար հակացուցում՝ ու՞մ պետք է դիմի առաջինը՝ տեղամասային թերապևտի՞ն, թե՞ իր նախընտրած բժշկական կենտրոն, կամ ինչպե՞ս պետք է կազմակերպվի տվյալ հարցով իր քայլերի հերթականությունը։
Եթե, այնուամենայնիվ, պետք է դիմի թերապևտին, որպեսզի վերջինս ուղեգրվի համապատասխան մասնագետի մոտ, ապա պացիենտն իրավունք ունի՞ ինքն ընտրելու այն բժշկական կետրոնը, որտեղ ցանկանում է հետազոտություն իրականացնել։
Վերջնարդյունքում, եթե հաստատվում կամ հերքվում է տվյալ հակացուցումը, ապա ո՞վ է տրամադրում դա հաստատող փաստաթուղթը։
Պատասխան- Ըստ Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17 -ի թիվ 21-Ն և 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանների, ինչպես նաև Առողջապահության նախարարի հրամաններով հաստատված կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստանյութերի կիրառման ուղեցույցների` կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստանյութերի կիրառման հակացուցումները սահմանվում են առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի կողմից, որտեղ հաշվառված է անձը։
Հարց- Ի՞նչ քայեր են ձեռնարկվում, որպեսզի վերահսկվի թեստավորման գնային քաղաքականությունը:
Պատասխան- Թեստավորման գնային քաղաքականության վերահսկումն առողջապահության նախարարության գործառույթն ու պարտականությունը չէ: Գնագոյացման հարցերով կարող եք դիմել համապատասխան լիազոր մարմին։
Հ.Գ Շնորհակալություն ՀՀ առողջապահության նախարարությանը՝ համագործակցության և տեղեկատվության տրամադրման համար։