Քիթ — արցունքային ծորանի բնածին անանցանելիություն․ մանրամասնում է մանկական ակնաբույժը
Երեխայի ծնունդը հրաշք է, աննկարագրելի էմոցիաներ, նոր կյանքի երջանիկ սկիզբ։ Սակայն հաճախ նոր սկսվող կյանքն իր հետ բերում է նաև բազմաթիվ խնդիրներ, որին նորաթուխ ծնողներն այնքան էլ պատրաստ չեն լինում։ Դրանցից մեկն էլ քիթ — արցունքային ծորանի բնածին անանցանելիությունն է, որն ուղեկցվում է մի շարք տհաճ երևույթներով։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք մանկական ակնաբույժ Քրիստինե Հակոբյանի հետ, ով նշեց, որ տվյալ երևույթը հանդիպում է մոտ 5% նորածինների մոտ, որը կարող է լինել ինչպես միակողմանի, այնպես էլ երկկողմանի: Խոսելով պատճառների մասին՝ բժշկուհին ասաց, որ նորմայում արցունքն արտադրվելով արցունքագեղձերում՝ պատում է ակնագունդը, այնուհետև արցունքային կետիկներով, խողովակներով անցնում արցունքապարկ, իսկ այնտեղից էլ քիթ–արցունքային ծորանի միջով՝ քթի խոռոչ: Ներարգանդային զարգացման ընթացքում պտղի մոտ այդ ծորանի ներքևի հատվածը փակ է բարակ թաղանթով: Ծնվելիս՝ առաջին ճիչի հետ, ճնշման տակ այդ թաղանթը պատռվում է: Եթե դա տեղի չի ունենում, ապա ծորանը մնում է անանցանելի։ Կա նաև մեկ այլ տեսակ, երբ խցանումը ոսկրային օբստրուկցիայի տեսքով է, որը հիմնականում հանդիպում է դիմային գանգի անոմալիաներով նորածինների շրջանում․ «Արցունքագեղձն իր ֆունկցիան սկսում է իրականացնել երեխայի մոտավորապես 2 – 4 շաբաթական հասակում: Այդ պատճառով էլ կյանքի առաջին օրերին նորածինների լացն առանց արցունք է լինում։ Քիթ — արցունքային ծորանի անանցանելիության գանգատները ևս, բնականաբար, հիմնականում սկսվում են առաջին ամսում, որն ուղեկցվում է արցունքահոսությամբ, թարախային արտադրությամբ, թարթիչներին դեղին կեղևիկների պատմամբ: Նշաններն ավելի արտահայտիչ են դառնում վերին շնչառական ուղիների ինֆեկցիաների ժամանակ: Մոտ 90% դեպքերում արցունքածորանն ինքնուրույն կարող է բացվել երեխայի կյանքի առաջին տարում: Հետևաբար, սկզբնական շրջանում կատարում ենք կոնսերվատիվ բուժում, որը ներառում է արցունքապարկի մերսում և տեղային հակաբորբոքայինների օգտագործում՝ կաթիլների տեսքով: Մերսումը կատարվում է 2 նպատակով․ նախ՝ դատարկվում է արցունքապարկը՝ դրանով նվազեցնելով բակտերիաների բազմացումը, երկրորդը՝ հիդրոստատիկ ճնշման տակ ծորանը կարող է բացվել: Եթե կոնսերվատիվ բուժումն անարդյունավետ է, արդեն կատարվում է վիրահատական միջամտություն՝ քիթ – արցունքային ծորանի զոնդավորում: Այն հիմնականում կատարվում է 6 ամսականից հետո՝ դիմակային անզգայացման պայմաններում (Rausch): Կան դեպքեր, երբ այս մեթոդով ևս հնարավոր չի լինում վերականգնել անցանելիությունը: Այդ դեպքում դիմում են այլ վիրահատական եղանակների՝ բալոնային դիլատացիա, ինտուբացիա և այլն: Այսպիսով, եթե կան նման գանգատներ, խորհուրդ եմ տալիս դիմել մանկական ակնաբույժի, որպեսզի առաջին հերթին ճիշտ ախտորոշվի հիվանդությունը: Նմանատիպ գանգատներ կարող են դիտվել նաև այլ հիվանդությունների ժամանակ, որոնց դեպքում բուժման մոտեցումներն այլ են (կոնյունկտիվիտ, գլաուկոմա,տրիխիազ)»,- ասաց բժշկուհի Հակոբյանը։
Բժշկուհին ընդգծեց նաև ծնողին մերսման ճիշտ տեխնիկան սովորեցնելու կարևորությունը՝ զգուշացնելով նաև շատ տարածված սխալի մասին, այն է աչքի մեջ կրծքի կաթ կաթեցնելը․ «Դրանով ոչ միայն չեք օգնում լուծելու խնդիրը, այլ նաև բարդացնում եք իրավիճակը, որովհետև կաթը հիանալի սննդային միջավայր է միկրոֆլորայի աճի համար։ Ցանկացած պարագայում խիստ կարևոր է համապատասխան մասնագետին դիմելը»,- կարևոր խորհրդով եզրափակեց մեզ հետ զրույցը մանկական ակնաբույժ Քրիստինե Հակոբյանը:
Եղե՛ք առողջ և մի՛ վտանգեք երեխաների առողջությունը։
Նյութը պատրաստեց՝ Մերի Եղիազարյանը