Փաշինյանի առաջարկած բանաձևով Արցախը վերջնականապես կորցնում ենք․ Մինասյան
Քաղաքական մեծամասնությունն այդպես էլ չի գիտակցում իր դերակատարությունը, ստացած մանդատի արժեքը, ստորադասում է առաջնային հարցերը երկրորդայիններին։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Երկրի անվտանգության կարևորագույն խնդիրները օրակարգային հարց դարձնելու փոխարեն փորձում են կեղծիքներով, ստերով, մանիպուլյացիաներով, իրականությանը չհամապատասխանող գնահատականներով հերթական անգամ շեղել հանրությանը ստեղծված ծանրագույն վիճակից։ Մենք տեր ենք մեր որդեգրած մոտեցմանը․ այն է՝ մեր երկրի անվտանգության, պաշտպանունակության, ինքնիշխանության ու արժանապատվության վերականգնման համար այս իշխանությունները խոչընդոտ են, սպառնալիք են։ Նրանք պետք է հեռանան, որ կարողանանք վերականգնել երկրի ինքնիշխանությունը»,-հայտարարեց պատգամավորը։
Անդրադառնալով ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի օրը Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին այն մասին, թե թշնամին օկուպացրել է ՀՀ 41 քառակուսի կմ տարածքը, բայց, միևնույն ժամանակ, միջազգային հանրությունը շեշտում է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո Խորհրդային Ադրբեջանի տարածքներն են հայկական վերահսկողության տակ, և նա ընդունում է այս խոսքերը դեմարկացիայի և դլիմիտացիայի համատեքստում, Մինասյանն ասաց, թե այդ հայտարարությունները համապատասխանում են ՔՕ 299 հոդվածի հատկանիշներին՝ առերևույթ պետական դավաճանության բազմաթիվ փաստերով։
«Սկսած Հայաստանին ոչ ավել, ոչ պակաս օկուպանտ համարելուց՝ ավարտած նրանով, որ ինքը փաստացի հայտարարում է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը ինչպես ուզում, պտտեցնում է և պատրաստ չէ ՀՀ շահերը պաշտպանել։ Վտանգավոր երկրորդ բանն էլ, որ արեց՝ Խորհրդային Ադրբեջանին համարելով իրավատեր, երբ նույնիսկ Ադրբեջանն իր անկախության հռչակագրով չի համարել այդպիսի բան, սպասարկեց ադրբեջանաթուրքական ցանկությունը։ Երրորդ՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող գերիներին թողեց անպաշտպան, նույնիսկ սպառնաց»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Փաշինյանն ու իր թիմն իրավունք չունեն ՀՀ Սահմանադրությանը հակառակ որևէ բան պայմանավորվել։
Նրա խոսքով՝ եթե դիտարկվեն Փաշինյանի կառավարման շրջանում իր ու ԱԳՆ-ի հայտարարությունները, հստակ կլինի, թե տրամագծորեն որքան հակառակ վարքագիծ է դրսևորում նա։
«Երբ ԱԳՆ-ն ամիսներ առաջ խոսեց դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին, հայտարարեց, որ չի կարող Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հարց քննարկվել՝ կտրված Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումից։ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում օրերս տրամագծորեն հակառակ բանն էր ասում, որ սրանք երեք տարբեր հարցեր են։ Սա ոչ այլինչ է, քան ուղղակի սպանել Արցախի ինքնորոշման իրավունքը, ոչ այլինչ է, քան ուղղակի պետական դավաճանություն։ Հայաստանի ու Ադրբեջանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը չի կարող կտրված լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման երաշխավորված իրավունքի իրացումից։ Իր առաջարկած բանաձևի ներքո մենք Արցախը վերջնականապես կորցնում ենք։ Նա իր հայտարարություններով օրինականացնում է նաև ադրբեջանական օկուպացիան»,-ասաց Արծվիկ Մինասյանը։