Կյանքը de factoՀասարակություն

Այսօր Աշխատավորների միջազգային օրն է

809views

Այսօր մայիսի 1-ն է՝ Աշխատավորների միջազգային օրը: Պատմության մեջ մայիսի մեկը մտել է 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում եւ Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: 1886թ. մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաք համարվող Չիկագոյում: Բախումներ եղան ոստիկանության հետ, ձերբակալվեցին հուզումների մասնակիցներից շատերը, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան: Հուզումների այս ալիքը շարունակեց նոր թափ հավաքել եւ արդյունքում արդեն 1889թ.-ին Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի Կոնգրեսը որոշեց ամեն մայիսի մեկին երթեր և հանրահավաքներ անցկացնել: Կոնգրեսի որոշմամբ սահմանվեց նաև մեկ միասնական օր, որը աշխարհի բոլոր երկրներում բանվոր դասակարգին հնարավորություն կտար իշխանություններին ներկայացնել իր պահանջները, պայքարել իր իրավունքների, հատկապես 8-ժամյա աշխատանքային օրվա համար:

Արդեն 1890 թվականին Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի եւ այլ եվրոպական երկրների աշխատավորներն առաջին անգամ կազմակերպեցին մայիսմեկյան տոնակատարություններ: 20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան: 1891 թվականին Պետերբուրգում կայացավ առաջին մայիսմեկյան ցույցը:

Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը, մասնավորապես, սկսվեց նշվել 1919թ., ինչից հետո ամեն տարի գիտնականները, ուսանողները, մարզիկները և մարմնամարզիկները, երիտասարդները երթով անցնում էին քաղաքի փողոցներով` այդ կերպ ևս մեկ անգամ փառաբանելու և մեծարելու արարումն ու աշխատանքը:

Այսօր Աշխատավորների միջազգային օրը նշվում է աշխարհի ավելի քան հարյուր պետություններում: Տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ընթացքում մեծարվում եւ գնահատանքի են արժանանում աշխատանքի վետերանները, աշխատավոր դասակարգի ներկայացուցիչները:

 

Leave a Response