Կյանքը de factoՀասարակություն

Ահազանգ. Ներքին Չարբախում այգիները չորացել են՝ դրանց ջրելու հնարավորությունից զրկելու հետևանքով (տեսանյութ)

2kviews

Ներքին Չարբախի 119 հողամասում ոռոգման ջրի բացակայությունն աղետալի հետևանքների է հասցրել: 81 ամյա Սվետա տատիկը դիմել էր մեր խմբագրություն՝ խնդրելով գալ և նկարահանել չորացած դեղձանոցն ու այգիները՝ հույս ունենալով իր ձայնը լսելի դարձնել համապատասխան ատյաններում:

gmpress.am-ի լրագրողը՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով այցելեց վերոնշյալ տարածք և բավականին ցավալի փաստ արձանագրեց. հսկայական տարածություն զբաղեցնող այգիներն ամբողջովին չորացել են:  Առայժմ միայն տիկին Սվետայի հողամասում կանաչ ծառեր կան, բայց դրանք անուժ են, ճկված, որոշները՝ կոտրված, իսկ բերքն էլ՝  ամբողջովին չորացած: Ինչպես պնդում է տիկին Սվետան, հարևանությամբ սննդի օբյեկտ կառուցող սեփականատիրոջ բողոքի հիման վրա քաղաքապետարանի համապատասխան վարչությունից եկել և անջատել են ոռոգման ջուրն այս կամ այն չափով ապահովող սարքը՝ պատճառաբանելով, որ շուրջբոլորը գարշահոտություն է տարածվում: Բանն այն է, որ երկար տարիներ այդ այգին ոռոգվել է կոյուղաջրերով, քանի որ այլընտրանք պարզապես չի եղել. «Այդ ջրով միայն ծառերն էինք ջրում, և մենք էլ ուտում էինք. 91 տարեկան պապիկն է, 81՝ ես, եթե դա իրենից վտանգ ներկայացներ, ապա ինչպե՞ս կհասնեինք  այս տարիքին: Այս տարվա մեջ մեկ անգամ կոյուղաջրով ենք ջրել, մեկ անգամ էլ՝ խմելաջրով, իսկ ամբողջովին չջրվելու հետևանքով վերջին ծառերը համարյա տերևաթափ են եղել: Ծառերը չորանում են, ճյուղերը կոտրվում ընկնում են՝ ուժ չունենալով դեղձը հասուանցնելու: Այս ամբողջ տարածքում միայն իմ ծառերն էին կանաչ, հիմա որ գալիս տեսնում եմ՝ սիրտս ցավում է»,- ցավով նկատեց Սվետա տատիկը:

Սակայն, ինչպես պնդում է տիկին Սվետան, այդ հոտը սեփականատիրոջը չի կարող խանգարել, քանզի առուն հակառակ կողմում է. «Մեռ առուն ձախ կողմում է, իսկ իր օբյեկտը, որ կառուցում է՝ աջ  և բավականին հեռու, իսկ եթե, այնուամենայնիվ, դա խանգարող հանգամանք է, ուրեմն թող ոռոգման նորմալ ջրով ապահովեն մարդկանց»,- նշեց նա:

 

Այս ամբողջ ընթացքում այգիների սեփականատերերը մշտապես փորձեր են արել, հանդիպել, խնդրել, որ  թույլ տան գոնե այս տարի ջրեն՝ դաշտերը չչորանան, մինչև հասկանան հետագայում ինչ են անելու, բայց, ապարդյուն, ընդամենը 2 օր թույլ են տվել ու անջատել: Մարդիկ նույնիսկ նախարարություն նամակ են տարել, որտեղ էլ ասել են, որ այս պահին ոչինչ չեն կարող անել, իսկ նամակին մինչ օրս պատասխան չկա (մեկուկես ամսվա մեջ):

Այս ամենի մասին առավել մանրամասն՝ gmpress.am –ի տեսանյութում:

 

Հ.Գ. Պատրաստ ենք լսել նաև հակառակ կողմի կարծիքը:

Leave a Response