Անհրաժեշտ է ակտիվ քաղաքականություն վարել մասնագիտական կրթության, որակավորման և վերաորակավորման բնագավառներում. Արմենուհի Հայրապետյան

Սույն թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների քարոզարշավն անցնում է բավականին թեժ մթնոլորտում: Կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչները խոսում են անվտանգության, տարբեր ոլորտների բարելավման իրենց ծրագրերից, ներկայացնում ստեղծված իրավիճակից հնարավոր լուծումների տարբերակները:
gmpress.am-ը պարբերաբար իր ընթերցողներին է ներկայացնում նախընտրական իրավիճակը՝ հաշվի առնելով նաև վերջիններիս խնդրանքները՝ թեկնածուներին՝ իրենց հուզող հարցերին անդրադառնալու: Այս առումով, վերջերս անդրադարձել ենք «Ազատական» կուսակցությանը, զրուցել ընտրացուցակի առաջին քսանյակում ընդգրկված լրագրող, լեզվաբան, աշխատակազմի կառավարիչ Արմենուհի Հայրապետյանի հետ՝ խոսելով խոցելի խմբերի, անվտանգության, կրթության, գիտության, առողջապահության ոլորտներին վերաբերող ծրագրերին: Մեր թղթակցի հետ նախորդ զրույցում տիկին Հայրապետյանը անդրադարձավ նաև ամենակարևոր հարցերից մեկին՝ մարտունակ բանակի ստեղծմանը: Նա նշեց, որ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը, ով, այս ոլորտում բավականին հարուստ, հաղթական փորձ ունի, որն իրենց համար շատ հուսադրող է և ոգևորիչ: Ի դեպ, պարոն Բաբայանը ևս բավականին ակտիվ նախընտրական գործընթացում է, և տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցների ժամանակ պարբերաբար անդրադառնում է տնտեսական քաղաքականությանն ու բանակին, նշելով, որ ՀՀ ինքնիշխանության միակ անվերապահ երաշխավորը մարտունակ ԶՈՒ-ն է՝ ի դեմս արհեստավարժ բանակի, ինչն էլ հենց, կուսակցության ծրագրի հիմնաքարային դրույթներից մեկն է:
Տիկին Հայրապետյան, «Ազատական» կուսակցությունն ունի բավականին ծավալուն և ընդգրկուն ծրագիր, մինչ հաջորդ ոլորտի մասին խոսելը, կարո՞ղ եք հակիրճ ներկայացնել կուսակցության կողմնորոշումները և նպատակները:
Առաջնահերթ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հայրենիքի ապագայով մտահոգ քաղաքացիներին, քանզի բոլորիս համար շատ հուսադրող հանգամանք է մարդկանց հետաքրքրությունը մեր կուսակցական ծրագրի հանդեպ: Անդրադառնալով հարցին՝ ասեմ, որ մենք ներկայացնում ենք կենտրոնամետ կուսակցություն, որը հետապնդում է հետևյալ նպատակները.
- Հայաստանի քաղաքացիների կյանքի բոլոր ոլորտների առողջացման հիմքերի ստեղծում։
- Հայաստանի քաղաքացիների ներքին և արտաքին անվտանգության և խաղաղ կյանքի ապահովում։
- Կենտրոնաձիգ, ամուր և կարգապահ պետական կառավարման արդյունավետ համակարգի ստեղծում։
- Անհատի ինքնադրսևորման, կարողությունների զարգացման և իրացման հավասար հնարավորությունների և բարենպաստ միջավայրի ստեղծում։
- Մրցունակ տնտեսության միջոցով հանրային բարիքների ստեղծման և արդար բաշխման հիմքերի ստեղծում։
- Աղքատության վերացում և պարենային ապահովություն։
- Հոգևոր և մշակութային առողջ մթնոլորտի ստեղծում և զարգացման ապահովում։
- Օրենքի գերակայության հաստատում:
Մենք համոզված ենք, որ ժողովրդի առջև ծառացած բարդագույն խնդիրների լուծումը հնարավոր է միայն կրթության, գիտության և առողջապահության համակարգերի հիմնարար վերափոխմամբ և մարդկանց ֆիզիկական, մտավոր ներուժի կայունացմանն ու շեշտակի բարձրացմամբ :
Վերոնշյալ ոլորտների բարեփոխումները գերակա են՝ տնտեսական առաջընթացի և հզոր ապահովության համակարգ ստեղծելու համար, որի հիմքում կլինի ժամանակակից տեխնիկային և տեխնոլոգիաներին տիրապետող հզոր և մասնագիտացված բանակը:
Ինչպես ցույց է տալիս զարգացած երկրների փորձը՝ պետական քաղաքականությունը կարող է էականորեն ազդել տնտեսական աճի վրա, իսկ մեր երկրում ստեղծված իրավիճակը գրեթե զրոյացրել է տնտեսական քաղաքականության արդյունքները….. ո՞րն է մրցունակ տնտեսության ստեղծման Ձեր առաջարկը:
Տնտեսական քաղաքականության բնագավառում կուսակցությունը հետամուտ է լինելու մրցունակ տնտեսության ստեղծմանը: Այդ նպատակով, տնտեսական քաղաքականության բնագավառում գերակա խնդիրները և ուղղությունները լինելու են՝ պետության դերի ակտիվացումն այն բնագավառներում, որտեղ շուկայական, տնտեսական հարաբերությունները չեն կարող գործել կամ չեն գործում, երկրի ներդրումային գրավչության բարձրացումը, փոքր ձեռնարկատիրության զարգացմանն աջակցությունը, արտաքին առևտրի ազատականացումը և մաքսային ընթացակարգերի պարզեցումը, հարկային բեռի նվազեցումը, հարկային օրենսդրության պարզեցումն ու հստակեցումը և այլն:
Տնտեսական քաղաքականության հիմքում ընկած է սեփականության բոլոր ձևերի և գույքային իրավունքների արդյունավետ պաշտպանություն սկզբունքը։
Պետական քաղաքականությունը պետք է կոչված լինի մարդկանց նախաձեռնողական ներուժի առավելագույն օգտագործման ապահովմանը:
Այդ նպատակով պետությունը պետք է, առաջին հերթին, ապահովի տնտեսության զարգացման գիտական հիմքերը և հիմնավորումները:
Մենք գտնում ենք, որ Հայաստանի համար զարգացման հիմնական նախադրյալներից է բաց տնտեսությունը, ուստի՝ անհրաժեշտ է վերացնել ապրանքների և ծառայությունների ազատ հոսքին խոչընդոտող բոլոր օրենքները, ընթացակարգերը և կամայական վարչարարության պրակտիկան:
Փոքր և միջին բիզնես ձեռնարկությունները մեզանում ավելի քիչ հնարավորություններ ունեն, առավել խոցելի են մրցակցային դաշտում, վարչական ծախսերի ավելի մեծ բեռ են կրում…… ինչպիսի՞ն են դրանք կարգավորելու տարբերակները:
Մասնավոր բիզնեսը, անկախ իր մեծությունից և ոլորտից, պետք է հավասարաչափ պաշտպանված լինի և գործի հավասար մրցակցային դաշտում: Տնտեսության զարգացման և զբաղվածության ընդլայնման համար հավասարապես կարևոր են ինչպես փոքր և միջին ձեռնարկությունները, այնպես էլ խոշոր բիզնեսները: Այս առումով, պետական քաղաքականությունը պետք է հնարավորին չափ միտված լինի մեղմելու փոքր ձեռնարկությունների գործարքային և հարակից վարչական այլ ծախսերի բեռը:
Տիկին Հայրապետյան, տնտեսական քաղաքականությունն իրենց ներկայացնում է նաև զբաղվածության ընդլայնում, այս առումո՞վ ինչ ծրագիր ունեք՝ հաշվի առնելով նաև վերջին ժամանակներում գերխնդիր դարձած գործազրկության աճը:
Իշխանությունները պատասխանատու են երկրում գործազրկության մակարդակի բարձրացման համար: Ներկայումս իրական գործազրկության մակարդակը քաղաքային բնակավայրերում անթույլատրելի բարձր է, իսկ գյուղական բնակչության ցուցանիշները իրական վիճակը չեն արտացոլում, այդ իսկ պատճառով էլ զբաղվածության ընդլայնումը տնտեսական քաղաքականության բնագավառում մեր գերնպատակն է լինելու:
Տնտեսական քաղաքականության հաջողությունները և անհաջողությունները պետք է գնահատվեն` առաջին հերթին զբաղվածության ընդլայնման ցուցանիշի տեսակետից:
Անհրաժեշտ է ակտիվ քաղաքականություն վարել մասնագիտական կրթության, որակավորման և վերաորակավորման բնագավառներում: Հատուկ ուշադրության են արժանի աշխատանքի շուկա առաջին անգամ մուտք գործող երիտասարդների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու և ներկայիս խոչընդոտները վերացնելու խնդիրները:
Առանձին ծրագրային խնդիր է գյուղատնտեսությունում թերզբաղվածության վերացումը:
Շարունակելի….
Զրույցը վարեց` լրագրող, մեդիափորձագետ Մանե Մանուկյանը