Սահմանապահ համայնքների տնտեսական ու տեխնիկական վերազինումը ժամանակի հրամայականն է. Արմենուհի Հայրապետյան

Երկրի զարգացմանն ուղղված առանցքային քայլերից է նաև տրանսպորտային քաղաքականությունը, հատկապես մեր՝ փոքր տնտեսության պայմաններում առանց բազմակողմանի և զարգացած տրանսպորտային համակարգի տնտեսական զարգացումն անհնար է պատկերացնել:
Իրավիճակը, հատկապես վերջին դեպքերից հետո, խնդրահարույց է ավիացիոն ու երկաթուղային տրանսպորտում: Շարունակելով մեզ հետ զրույցը «Ազատական» կուսակցության ընտրացուցակի առաջին քսանյակում ընդգրկված լրագրող, լեզվաբան, աշխատակազմի կառավարիչ Արմենուհի Հայրապետյանը նշեց, որ բազմաթիվ ճյուղերի զարգացման հեռանկարներն ուղղակիորեն կախված են տրանսպորտի հենց այս տեսակներից. «Դժվար է պատկերացնել, օրինակ, զբոսաշրջության զարգացումը կամ գործարար միջավայրի բարելավումը Հայաստանի Հանրապետությունում, եթե ավիացիայի բնագավառը կտրուկ չբարելավվի: Եթե երկաթուղային տրանսպորտի հուսալիությունը և ծախսերը լրջորեն չվերանայվեն՝ արտահանմանն ուղղված քաղաքականության հաջողությունները ևս վտանգված կլինեն:
«Ազատական» կուսակցության ծրագրում այս մասով նախատեսված է ավիացիոն բնագավառում սահմանել և հետևողականորեն իրականացնել ազատ երկնքի քաղաքականություն, իսկ երկաթուղային տրանսպորտի բնագավառում՝ վերանայել կառավարման ներկա համակարգը»,- ասաց պատգամավորության թեկնածուն:
Անդրադառնալով հեռավոր և մեկուսացված բնակավայրերում բնակչության կենսամակարդակի խնդիրներին և կուսակցության այս մասով նախատեսվելիք ծրագրին՝ տիկին Հայրապետյանն ասաց, որ ցանկացած բնակավայրի զարգացման համար ճանապարհների, սոցիալական ենթակառուցվածքների և ունիվերսալ ծառայությունների առկայությունն ու որակը անհրաժեշտ նախադրյալներ են: Հեռավոր և մեկուսացված բնակավայրերը, պատգամավորության թեկնածուի խոսքերով, տնտեսական արդյունավետության, աշխատանքային պայմանների տեսանկյունից կարող են գրավիչ չլինել: Պետական ներդրումային և կարգավորման քաղաքականությունը պետք է համարժեքորեն արտահայտի տարածքային գերակայությունների խնդիրը: Ժամանակի հրամայականն է սահմանապահ համայնքների տնտեսական ու տեխնիկական վերազինումը, հիմնավոր ենթակառուցվածքների զարգացումը. «Նկատի ունենալով հեռավոր և մեկուսացված, սահմանապահ բնակավայրերի օբյեկտիվորեն ավելի ցածր ֆիսկալ պոտենցիալը` այս բնակավայրերը պետք է հավակնեն ավելի մեծ բյուջետային հատկացումների, որը պետք է իրականցնել բյուջետային համահարթեցման օրենսդրության վերանայման ճանապարհով:
Պետք է մշակել ու ներդնել կենսական, ինքնաբավ բնակավայրերի նոր մոդելներ՝ առանձին տնային տնտեսություններից մինչև համատեղ տնտեսություններ և զարգացած ենթակառույցներով օպտիմալ բնակավայրեր՝ 3000-5000 բնակիչներով»,- նշեց «Ազատական» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածուն՝ հավելելով, որ կուսակցության ծրագիրը բավականին իրատեսական է, և մարդկանց վստահության քվեի արդյունքում կյանքի կոչվելով՝ շատ կարճ ժամանակահատվածում կապրենք մեր երազած Հայաստանում: