Կյանքը de factoՀասարակություն

ՀՀ արտաքին քաղաքականությունը բացառապես պետք է սպասարկի ազգային պետականության շահերը. «Ազատական» կուսակցության պատգամավորության թեկնածու

1.3kviews

Հայաստանը գտնվում է միջքաղաքական, ներքաղաքական, միջպետական շատ բարդ իրավիճակում՝ հանդուգն և արնախում թշնամիներ, անտարբեր, սեփական շահը հետապնդող դաշնակիցներ, աթոռի կատաղի պայքար, անգործության մատնված,  երկիրն անտեր վիճակում թողած իշխանություն և….այս ֆոնին` մոտալուտ ընտրություններ:

Թերևս, մեզանում ընտրություններն ավելորդ  «շռայլություն» են, սակայն ստեղծված իրավիճակում՝ միակ լուծումը:

Ներկայացնելով  կուսակցությունների և դաշինքների ծրագրերը, ստեղծված իրավիճակից հնարավոր լուծումների նրանց տարբերակները՝ շարունակում ենք մեր զրույցն «Ազատական» կուսակցության ընտրացուցակի  առաջին քսանյակում ընդգրկված լրագրող, լեզվաբան, աշխատակազմի կառավարիչ Արմենուհի Հայրապետյանի հետ՝ այս անգամ խոսելով  արտաքին քաղաքականության, անվտանգության և բանակի հետ կապված հարցերի շուրջ:

Տիկին Հայրապետյան, մեզ պատուհասած աղետների ամենագլխավոր պատճառներից մեկը, թերևս, ներքին և արտաքին սխալ քաղաքականությունն էր, այս առումով ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի ՀՀ արտաքին քաղաքականությունը սպասարկի բացառապես ազգային պետականության շահերը, ի՞նչ ծրագրեր և նպատակներ ունի կուսակցությունն այս ոլորտում:

Այսօր մենք գտնվում ենք շատ բարդ աշխարհաքաղաքական շրջափուլում, իսկ միջազգային  հարաբերությունները՝ խոշոր փոփոխությունների և տեղաշարժերի փխրուն փուլում: Համավարակը վեր հանեց բոլոր պետությունների քաղաքական, տնտեսական, առողջապահական և այլ համակարգերի բացերը։ Սակայն, ամենավտանգավորն այս իրավիճակից օգտվողների կողմից միջազգային իրավունքի և նորմերի ոտնահարումն է։ Միջազգային կազմակերպությունները և ուժային կենտրոնները բավարար հանձնառություն չեն դրսևորում համաշխարհային կայունության և անվտանգության համար։

Ստեղծված իրավիճակում ՀՀ արտաքին քաղաքականությունը բացառապես պետք է սպասարկի ազգային պետականության շահերը։ Հայաստանի արտաքին քաղաքականության իմաստային առանցքը երկրի ազգային շահերի ապահովումն է։ Պետք է արձանագրել նաև, որ մեր պետության կողմից իրականացվող անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում շատ կարևոր նշանակություն ունի ներքին կայունությունը և դիմադրողականությունը, որին պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել:

Այս ոլորտում մեր գլխավոր  նպատակներն են.

  • Անվտանգության համապարփակ համակարգի ձևավորումը և տնտեսական զարգացումը: Այս առումով պետք է վերարժևորել առկա ռազմաքաղաքական, միջազգային և տնտեսական համագոր­ծակցության բոլոր առկա հարթակները և նոր լիցք ու արդյունավետություն հաղորդել դրանց, իսկ անհրաժեշտության դեպքում փնտրել և ստեղծել նոր, ավելի արդյունավետ հարթակներ։
  • Հիմք ընդունելով Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է լինելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ հետևյալ առաջնահերթությունների շեշտադրմամբ.

— Սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա՝  նախկին ԼՂԻՄ տարածքի պահպանմամբ՝ Լեռնային Ղարաբաղի   սահմանների սահմանադրական ամրագրումով:

— Կարգավիճակի վերջնական հստակեցում՝ որպես իր ժողովրդի հասարակական-քաղաքական ինքնակազմակերպման բարձրագույն աստիճան և  նրա անվտանգության ապահովման գլխավոր մեխանիզմ՝ Ռուսաստանի Դաշնության, որպես անվտանգության երաշխավորի բարձր հովանու ներքո և Հայաստանի Հանրապետության հիմնարար և անառարկելի մասնակցությամբ:

Հաշվի առնելով վերոնշյալ անվտանգային բաղադրիչների փոխկապակցվածությունն ու միջազգային հիմնարար փաստաթղթերի սկզբունքներով դրանց իրականացման ընթացակարգերը՝  Լեռնային Ղարաբաղում սահմանվում է Ռուսաստանի Դաշնության անժամկետ բարձր հովանավորչական երաշխիքներ:

Այս համատեքստում լուծվելու են Հայաստանի Հանրապետության դիմաց ծառացած արտաքին քաղաքականության առանցքային խնդիրները, ուստի նախատեսում ենք կատարել հետևյալը՝

— Հայաստանի Հանրապետության նախաձեռնողական և արդյունավետ բազմակողմ դիվանագիտություն վարում,

— Հայաստանի անվտանգության քաղաքական միջոցների ապահովում բոլոր ոլորտներում, ներառյալ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, կայունության ամրապնդումը Հայաստանի Հանրապետության սահմանների պարագծով, մոտակա շրջաններում և ամբողջ աշխարհում,

— մարդու իրավունքների և հիմնարար  ազատությունների պաշտպանություն,

-քաղաքացիական հասարակության ձևավորման ուղղությամբ ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման համար բարենպաստ արտաքին պայմանների ապահովում,

-ֆինանսական և տեխնիկական աջակցության մոբիլիզացում՝ արդյունավետ շուկայական տնտեսություն ստեղծելու, հայաստանյան արտադրողների մրցունակության զարգացման և համաշխարհային շուկաներում նրանց շահերի ապահովման, ներքին սոցիալական խնդիրների լուծմանն աջակցելու համար,

— համաշխարհային ասպարեզում ազդեցության դերի ապահովում,

-Հայաստանի Հանրապետության՝ իր դաշնակից պետությունների և համապատասխան կազմակեպությունների հետ հարաբերությունների բարելավում և ակտիվ փոխգործակցում,

— ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների խորացում և ընդլայնում քաղաքական, առևտրատնտեսական, պաշտպանական, անվտանգային և մշակութահումանիտար ոլորտներում,

— ազգային գաղափարախոսության սկզբունքի վրա հիմնված և ի շահ համայն հայության Հայաստան-Արցախ-Սփյուռք նոր որակի հարաբերությունների ձևավորում, համատեղ ծրագրերի իրականացում, որը կշարունակի նպաստել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի զարգացմանն ու բարգավաճմանն ուղղված բարեփոխումների օրակարգին,

— բրենդինգային քաղաքականության ներդրում՝ տնտեսական, գիտական, մշակութային, զբոսաշրջային, տեղեկատվական, դիվանագիտական գործիքակազմի կիրառմամբ։

-ազգային գաղափարախոսության սկզբունքի վրա հիմնված և ի շահ համայն հայության Հայաստան-Արցախ-Սփյուռք նոր որակի հարաբերությունների ձևավորում, համատեղ ծրագրերի իրականացում, որը կշարունակի նպաստել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի զարգացմանն ու բարգավաճմանն ուղղված բարեփոխումների օրակարգին,

-բրենդինգային քաղաքականության ներդրում՝ տնտեսական, գիտական, մշակութային, զբոսաշրջային, տեղեկատվական, դիվանագիտական գործիքակազմի կիրառմամբ։

Քաղաքական մարտահրավերների համատեքստում ՀՀ անվտանգության ապահովման միակ երաշխիքը մարտունակ բանակն է, սակայն վերջին իրադարձությունները կասկածի տակ են դրել մարտունակությունը՝ դրանով իսկ թշնամուն հնարավորություն տալով գտնվելու և խոսելու ուժեղի դիրքից….. Ձեր կուսակցությունը գլխավորում է Արցախի հերոս Սամվել Բաբայանը, ով այս ոլորտում բավականին հարուստ և հաղթական փորձ ունի, ի՞նչ եք նախատեսում իրականացնել ՀՀ անվտանգության ապահովման նպատակով:

 Ինչպես արդեն առիթ ունեցել եմ նշելու՝ մեր հզոր ու մարտունակ բանակի, քաջարի զինվորների ուժը ճիշտ չղեկավարվեց, և մեզ պետք են կոնկրետ ու լավ մշակված քայլեր՝ այս վիճակից դուրս գալու համար: Մեր կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը, ով, ինչպես նշեցիք, այս ոլորտում բավականին հարուստ և հաղթական փորձ ունի, որը մեզ համար շատ հուսադրող է և ոգևորիչ :

Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով «Ազատական» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նախատեսում է հետևյալը.

  • ռազմական կարողությունների շարունակական կատարելագործում` բանակի համալրում արհեստավարժ ստորաբաժանումներով, գիտության վերջին նվաճումներին համահունչ տեխնոլոգիաներով և զինատեսակներով, գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերով,
  • կիբերանվտանգության ապահովում,
  • պարտադիր ժամկետային զինծառայության համար սահմանված երկու տարի ժամկետից անցում մեկ տարի ծառայության ժամկետի՝ բացառելով առաջնագծում ծառայությունը,
  • յուրաքանչյուր զինծառայողի համար նախատեսվող տարեկան ծախսի աստիճանական համապատասխանեցում արհեստավարժ բանակի ծախսերի  առաջատար փորձի չափանիշներին՝ առողջ սննդի, որակյալ հանդերձանքի, ուսումնավարժական և կենցաղային պայմանների շեշտադրմամբ,
  • պարտադիր զինվորական ծառայությունից անցում պայմանագրային (պրոֆեսիոնալ) զինծառայության,
  • ՊՆ պայմանագրային զինծառայողների բնակարանային հիմնախնդրի լուծում,
  • ՊՆ պայմանագրային զինծառայողների ապահովագրության համակարգի ներդրում,
  • քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական բարելավում:

Իրականացնելով վերոնշյալը՝ առաջիկա 5 տարվա ընթացքում մասնագիտացված բանակը կդառնա ՀՀ անկախության և պետականության հիմնական երաշխավորը:

 

Շարունակելի….

Զրույցը վարեց gmpress.am լրատվական կայքի թղթակից-անդամ, վերլուծաբան Աննա Գրիգը

Leave a Response