Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է Բանակի օրը: Բանակ, որ չնայած երիտասարդ տարիքին, որպես Հայոց իրողություն, իր էության մեջ հազարավոր տարիների հպարտանալու արժանի պատմություն ունի ամբարած։ Այս տարի նշվում է Հայոց բանակի 30-ամյա տարեդարձը:
ՀՀ զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում:
Հայաստանի երրորդ Հանրապետության բանակի կազմավորումն անցել է մի քանի փուլերով: Առաջին փուլը տևել է 1988թ. փետրվարից մինչև 1992թ. մայիս: Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։