Շարունակելով ներկայացնել հայրենյաց ծուխն անմար պահող մեր հայորդիների շարքը՝ այս անգամ անդրադառնում ենք գործարար, բարերար Սահակ Սարգսյանին, մի հերոսական մարդու, ով իր ողջ գործունեությունն ու ջանքերն ուղղում է հային հայ պահելու, իր հողում ապրելու, արարելու, ուղեղների արտահոսքը կանխելու և սեփական երկիրը շենացնելու գործին:
‹‹Քո տեղն այստեղ է, քո՛ տանը, հա՛յ›› ապրելակերպ դարձած կարգախոսը Սահակ Սարգսյանի գործունեության հիմքն է, որն էլ իր խորն արմատներն ունի, դեպի մանկություն, որտեղ մանկավարժական ժառանգություն ունեցող ընտանիքում մասնագիտությամբ ճարտարապետ-շինարար հայրը ստիպված է եղել մշտապես արտագնա աշխատանքի մեկնելու, որպեսզի կարողանա ընտանիքի հոգսերը և, գլխավորապես, երեք երեխաների կրթության հարցերը հոգալ: Նման լավ օրինակն էլ ոգեշնչում է պատանի, դեռահաս, երիտասարդ և արդեն հասուն Սահակին մարդ արարածին, հայրենակցին օգնելու մեծ ցանկություն ունենալուն: Դպրոցական բոլոր տարիների շարադրություններում ցանկությունը միշտ նույնն է եղել՝ բժիշկ դառնալը: Մարդկանց օգնելու, կյանքեր փրկելու ինքնաբուխ ցանկությունը գերազանցությամբ դպրոցն ավարտած Սահակին աշակերտական նստարանից տեղափոխել է բժշկական համալսարան: Բացի սեփական ցանկությունններն ի կատար ածելու տենչանքից՝ երիտասարդ Սահակին մտահոգել է նաև անապահով ուսանողների կրթության հարցը, որի համար էլ արդեն սովորելու տարիներին լավ առաջադիմությամբ աչքի ընկնող իր ուսանող ընկերների հետ միասին գումար են հավաքել, օգնել անապահով մարդկանց ՝ լուծելով նաև կրթական խնդիրները, ինչպես ինքն է մեջբերում, ամեն մեկն այդ ժամանակ 1000 դրամ էլ տար՝ մեծ գումար կկազմեր և մի բժիշկ կամ այլ մասնագետ ավել կլիներ մեր երկրում: Ուսանող և արդեն բժիշկ Սահակը, իրավական ոլորտի բացերի հետ անընդհատ բախվելով՝ իր մեջ մեծ պոտենցիալ է նկատում նաև այդ ոլորտը ուսումնասիրելու և, արդյունքում, դառնում է իրավաբան, այնուհետև ճարտարպետ-շինարար, ինչպես հայրը՝ էլ ավելի իր մեջ ամրապնդելով այն գաղափարը, որ կրթված մարդն ազգի հիմնասյունն է և պետք է օգնել բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն պոտենցիալ, բայց հնարավորություն չունեն: Նա կարծում է, որ ամեն մարդ ինչ-որ առաքելությամբ է գալիս այս աշխարհ, և իր առաքելությունը ոչ միայն մարդկային կյանքեր փրկելն է, այլև կարողանալ տալ այն ճիշտ խորհուրդը կամ ուղղությունը, այն մոտիվացիան, որ հույսի շողեր կտա հուսահատ վիճակում գտնվող մարդուն, ով կդադարի մտածել երկիրը լքելու մասին:
Առհասարակ, բարեգործության մասին խոսելիս հիշում է, թե ոնց են պատերազմական և շրջափակման տարիներին ընտանիքի բոլոր անդամներով ամեն լուման հավաքել, ուղղել ռազմի դաշտ, կարիքավորներին և այդ կարևորագույն առաքելությունն իրականացնում է նաև այսօր. թե՛ քառօրյա, թե՛ 44 օրյա պատերազմներին առաջին բարերար-գործարարներից է եղել, ով մեծ քանակությամբ հումանիտար օգնություն է ուղարկել առաջնագիծ: Շնորհիվ իր այս նվիրական գործունեության՝ Սահակը բանակաշինության նվիրյալների իր պատվավոր տեղն է զբաղեցնում՝ ունենալով բազմաթիվ պատվոգրեր: Սահակի համար երկրի անվտանգության ոլորտն ամեն ինչից կարևոր է, ըստ նրա, եթե պետության սահմաններն անառիկ են՝ ոչ մի թշնամի չի կարող ներխուժել, կամ էլ պարբերաբար անհիմն պահանջներ ներկայացնել, իսկ դրա համար պետք է յուրաքանչյուրս մեր լուման ներդնենք, ամեն մեկս մեր տեղում, մեր ուժերի սահմաններում և նույնիսկ դրանից էլ վեր անենք ամեն հնարավորը, որպեսզի պետությունը լինի հզոր ու պաշտպանված: Բացի դա, խիստ կարևոր է սեփական երկրի ու ժողովրդի պատմությանը գերազանց տիրապետելը. իր երեխաներին և աշխատակիցներին, առաջնահերթ, միշտ խորհուրդ է տալիս, որ ամեն մեկն իր պատմությունը լավ ուսումնասիրի, իմանա, քանզի պատմություն իմացող և պահող մարդը չի կարող կործանվել, ամուր է կանգնում իր հողին, և նրան մոլորեցելը պարզապես անհնար է:
Մեծ գերդաստանի զավակ լինելով՝ մեր հերոսն անչափ կարևորում է մեծ ընտանիք ունենալն ու լավ ժառանգություն թողնելը, ինչը հայի գենը պահելու գրավականն է, որի համար էլ անընդհատ նոր աշխատատեղեր է բացում, շրջանավարտների կրթական որակը բարելավելու համար հատուկ կուրսեր է կազմակերպում՝ անելով ամեն հնարավորն՝ ուղեղների արտահոսքից խուսափելու համար, քանզի, լինելով հայրենասեր մարդ, մեծ ցավ է ապրում, որ մեր խելացի սերուցքը, որոնց թվում՝ նաև իր կուրսեցիները, իրենց ներուժով հզորացնում են այլ պետություններին: Սահակն իր օրինակով զգացել է, թե ինչքան կարևոր է սեփական երկրի համար արարելը, քանզի ինքը ևս սկզբնական շրջանում պարբերաբար արտերկիր է մեկնել՝ աշխատելու, փորձ ձեռք բերելու համար, բայց 2017 թվականից եկել է Հայաստան ու հասկացել, որ այն ինչ անում է դրսում, կարող է կիրառել այստեղ, օգնել հայրենակցին և ողջ ներուժը ծառայեցնել միայն ի շահ սեփական երկրի:
Բարեգործական տարբեր միջոցառումներին հաճախ կարելի է տեսնել Սահակին՝ շրջապատված մարդկանցով, որոնց համար շատ կարևոր է նման մարդուն լսելը, նրանից սովորելը: Նա միշտ ասում է, որ ունեցածից բաժին հանելով ուրիշներին, ոչ թե մի բան կպակասի, այլ կշատանա, որովհետև բարություն կատարելով տիեզերքը լցվում է բարությամբ և այն նույն կերպ վերադառնում է դրա կրողին:
Սահակ Սարգսյանի շնորհիվ մինչ օրս լավ առաջադիմություն ունեցող բազմաթիվ ուսանողներ, հաշմանդամ զինվորներ անվանական կրթաթոշակներ են ստանում, նա մշտապես վերջիններիս և նրանց ընտանիքների անդամների, ծերանոցների, մանկատների կողքին է, և այդ աջակցությունը պարբերական է, շարունակական, ինչպես ինքն է ասում, օգնություն տրամադրել կարողանալը ոչ միայն հնարավորություն է, այլև պարտավորություն, քանզի եթե ամեն անգամ մեկ հայ էլ լավ ապրի, ուրեմն ամեն ինչ լավ կլինի, կկարողանանք կանխել ուղեղների արտահոսքը, կմնանք և կշենացնենք մեր երկիրը:
Ամփոփելով, նշենք, որ բոլորս էլ պետք է առաջնորդվենք Սահակի նման հերոս հայորդիների օրինակով, քանզի հերոս դառնում են ոչ միայն մարտի դաշտում թշնամու դեմ քաջաբար մարտնչելով, այլև այն գործողություններով, որի արդյունքում այդ նույն մարտիկի և բոլորիս բարօրության ու անվտանգությունն է ապահովվում: Պետք է ամեն մեկս մեր տեղում մնալով աշխատենք, ծաղկեցնենք, շենացնենք մեր երկիրը, մեր հրաշք և չքնաղ Հայաստանը: