Կյանքը de factoՀասարակություն

Քրեակատարողական հիմնարկներում բժշկական ստորաբաժանումներ կլինեն

483views

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Քրեակատարողական նոր օրենսգիրքը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է, որ քրեակատարողական հիմնարկներում լինելու են 3 անվտանգային գոտիներ, չեն լինելու բուժական ուղղիչ հիմնարկներ, դրա փոխարեն քրեակատարողական հիմնարկներում կլինեն բժշկական ստորաբաժանումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը:

ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծով ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է, որ քրեակատարողական հիմնարկներում չեն լինի բաց, կիսաբաց, կիսափակ, փակ և բուժական ուղղիչ հիմնարկներ, կլինեն երեք հիմնական գոտիներ՝ ցածր անվտանգության գոտի, միջին անվտանգության գոտի և բարձր ռիսկայնության անվտանգության գոտի:

Փոխնախարարը ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարված փոփոխությունները: «Գոտիների մասով արվել են անցումային ժամանակահատվածի համար համապատասխան փոփոխություններ, որոնք թույլ կտան շատ ավելի հստակ ձևով կատարել կիսաբաց, կիսափակ, փակ, բաց ուղղիչ հիմնարկներից տեղափոխումը  ցածր, միջին և բարձր անվտանգային գոտիներ: Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հարցերը ևս ավելի հստակեցվել են: Այլևս բուժական ուղղիչ հիմնարկ չենք ունենա, կարգավորումն այնպիսին է, որ այսուհետ քրեակատարողական հիմնարկներում պետք է ըստ անվտանգային գոտիների բժշկական ստորաբաժանումներ լինեն»,-ասաց Սարգսյանը:

Քանի որ վերջին փոփոխությունը առնչվում է ենթակառուցվածքների փոփոխությանը, դրույթն ուժի մեջ կմտնի օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան մինչև 2024  թվականի հուլիսի 1-ը:

Գործող կարգավորումներով կալանավորված անձինք կարող են ստանալ մինչև 70 կգ հանձնուկ, իսկ դատապարտյալների համար սահմանափակում նախատեսված չէ: Նախագծով նախատեսվել է, որ շաբաթական մինչև 20 կգ հանձնուկ կարող է ստանալ թե կալանավորված անձը, թե դատպարտյալը, սա ներառում է նաև հեղուկները:

Leave a Response