Առողջապահություն

Ինչպե՞ս հաղթահարել հևոցը՝ COVID-19-ից հետո

1.3kviews
Ամբողջ աշխարհին պատուհասած համավարկն այս տարի էլ, կարծես, չի ուզում զիջել իր դիրքերն, ավելին՝ սեզոնային հիվանդությունների հետ նոր թափ է հավաքել՝ իր հետ առաջ բերելով բազմաթիվ դժվարություններ ու դրսևորումներ: Բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանն անդրադառնալով վերոնշյալին՝ ասաց, որ  COVID-19- ի ընդհանուր դրսևորումներից մեկը դժվարացած շնչառությունն է կամ հևոցը, որն ուղեկցվում է անհանգստությամբ, օդի պակասի զգացումով, ուժեղ հոգնածությամբ, ֆիզիկական ծանրաբեռնվածության դժվար տանելիությամբ և հոգեբանական խնդիրներով:
«Հևոցը՝ հետքովիդային համախտանիշի ընդհանուր ախտանիշներից մեկն է: Եկե՛ք հասկանանք, թե ինչ կարող եք անել դրանից ազատվելու համար. տարբեր աղբյուրների համաձայն, հիվանդների 10-71% -ը տառապում է հևոցից՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո 2-3 ամսվա ընթացքում,  երբեմն՝  կարող է ավելի երկար տևել: Վերականգնման տեմպը կախված է հիվանդության ծանրությունից, բարդությունների և ուղեկցող հիվանդությունների առկայությունից, հիվանդի ընդհանուր վիճակից:
 Իսկ ի՞նչ անել՝ հևոցից ազատվելու համար….  շնչահեղձությունը Ժամանակավորապես թեթևացնելու ամենադյուրին ճանապարհը շնչառությունն ավելի հեշտացնող կեցվածքներ ընդունելն է: Դրանք կարող են լինել կողքի պառկած, գլխի և պարանոցի բարձի հենարանով, դեպի առաջ թեքումով նստած (հենակետով կամ առանց հենակետի), աթոռին հենված, կանգնած կամ պատին հենված: Սակայն այս ամենը, որպես օգնության երկարաժամկետ միջոցներ, բավարար  չի:Нет описания фото.
Կորոնավիրուսային վարակ ունենալուց հետո հիվանդներին անհրաժեշտ է անցնել շնչառական վերականգնում: Այն կարող է օգնել վերականգնել թոքերի գործառույթը և բարելավել կյանքի որակը: Վերականգնումը ներառում է շնչառական և ֆիզիկական վարժություններ:
Մարդիկ, ովքեր տառապել են COVID-19- ով, կարող են խանգարումներ ունենալ տարբեր օրգաններից և համակարգերից: Հետևաբար՝ նախքան շնչառական վերականգնումը սկսելը, բժիշկներին խորհուրդ է տրվում ուշադիր զննել հիվանդներին: Մասնագետի վերահսկողությունը ցանկալի է նաև դրա իրականացման ընթացքում:
  Վերականգնումը պետք է սկսել հնարավորինս շուտ.  ՌԴ Առողջապահության նախարարությունն առաջարկում է COVID-19-ից ապաքինվելուց հետո հիվանդների բժշկական վերականգնումը բաժանել 3 փուլի.  առաջին փուլում օգնությունը տրամադրվում է ինֆեկցիոն հիվանդասենյակներում,  երկրորդ փուլը, անհրաժեշտության դեպքում, իրականացվում է մասնագիտացված հիվանդանոցում, իսկ երրորդը կարող է իրականացվել ամբուլատոր հիմունքներով (ցերեկային հիվանդանոց, պոլիկլինիկա), ինչպես նաև տանը՝ մասնագետների հսկողության ներքո:
Արտասահմանյան աղբյուրները խորհուրդ են տալիս վերականգնումը սկսել ապաքինվելուց հետո 30 օրվա ընթացքում (հիվանդանոցից դուրս գալուց 6-8 շաբաթ անց):
 Հիվանդի վերականգնման գործում կարող են ներգրավվել մի քանի առողջապահական աշխատողներ՝ բուժող բժիշկ, ֆիզիկական թերապիայի մասնագետ, վերականգնողական թերապևտ և այլք: Այն կարող է ներառել աերոբիկ վարժություններ (վազք, քայլում, լող՝ 20-30 րոպե, շաբաթական 3-5 անգամ՝ 8-12 շաբաթվա ընթացքում), ուժային մարզում` բեռի աստիճանական ավելացումով, հավասարակշռության մարզում:
Շնչառական վարժությունը կարող է իրականացվել ինչպես ապարատի օգտագործման, այնպես էլ հատուկ վարժությունների կատարմամբ (ներառյալ Ստրելնիկովայի շնչառական վարժությունների, տայ-ճիի, յոգայի վարժությունների տարրերով): Շատ կարևոր է ճիշտ շնչելը   ֆիզիկական գործունեության ընթացքում.  պետք է  քթով դանդաղ ներշնչել և բերանով արտաշնչել՝  հնարավորության դեպքում հանգիստ պահելով պարանոցն ու ուսերը:
Մաքուր օդին քայլելը, սպորտը և պարը, սպա-բուժումը օգտակար կլինի:
Որպեսզի շնչառական վերականգնումն անվտանգ լինի, պետք է պահպանել հետևյալ կանոնները.
  • Միշտ տաքացե՛ք նախքան մարզվելը:
  • Հագե՛ք հարմարավետ և լավ ընտրված հագուստ ու կոշիկներ:
  • Մարզվել ուտելուց ոչ շուտ, քան մեկ ժամ անց:
  •  Շատ ջուր խմե՛ք:
  • Խուսափե՛ք չափազանց շոգ եղանակին մարզվելուց:
  • Ցուրտ եղանակին լավագույնն է տնային պայմաններում մարզվելը:
  • Դադարեցրե՛ք ֆիզիկական վարժությունները, եթե առաջանում են՝ սրտխառնոց, շնչառության ծայրահեղ դժվարություններ, կրծքավանդակի շրջանում ճնշման զգացում և ցավ, առատ քրտնարտադրություն , գլխապտույտ կամ տարածության ապակողմնորոշում:
Եթե ​​շնչահեղձության պատճառով անկարող եք խոսել, ապա չափազանց ուժեղ եք մարզվում:
Եթե ​​նախադասությունն արտասանելու համար հարկավոր է մեկ կամ երկու դադար վերցնել, և հևոցը շատ արտահայտված չէ, դուք ճիշտ տեմպերով եք մարզվում:
Հիշե՛ք, որ ֆիզիկական վարժությունների ժամանակ չափավոր հևոցը նորմալ է:
Սննդարար, հավասարակշռված սննդակարգի և հոգեբանական վերականգնման հետ համատեղ ֆիզիկական վարժությունները կօգնեն ձեզ վերականգնվել կորոնավիրուսային վարակից հետո»,- նշեց բժշկուհին:
Բժշկուհի Լամարա Մանուկյանը մի պարզ տեխնիկա էլ ներկայացրեց՝ համաձայն որի, կարող ենք հասկանալ, թե որքանով են ճիշտ ընտրված վարժությունները.  այն է՝  եթե ​​կարողանանք ամբողջ նախադասությունն ասել առանց դադարների և հևոցի, ապա կարող ենք ավելի ինտենսիվ պարապել:
Առողջ եղե՛ք:

Leave a Response