Առողջապահություն

ԱՀԿ-ն հայտարարել է կորոնավիրուսային համավարակի նահանջի մասին

13.7kviews

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է կորոնավիրուսային համավարակի նահանջի մասին, միևնույն ժամանակ շեշտել կանխարգելման միջոցառումները շարունակելու անհրաժեշտությունը: Այս մասին ԱՀԿ-ի ճեպազրույցի ընթացքում հայտնել է կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերխովենը, հաղորդվում է կազմակերպության թվիթերյան էջում:

Այս հարցում մեծ դեր են խաղացել համավարակի տարածման դեմ պայքարին ուղղված տարբեր երկրների ջանքերը, որոնց ընթացքում իրազեկվել է հասարակությունը, վերապատրաստվել են բուժաշխատողները, ձեռնարկվել են պատվաստումների արշավներ:

«Մենք իսկապես տեսնում ենք օրական հայտնաբերված վարակակիրների թվի անկում, և սա իսկապես լավ նորություն է: Դա պայմանավորված է մի շարք գործոններով և առաջին հերթին այն միջոցներով, որոնք երկրներն օգտագործում են վիրուսի փոխանցման շղթաներն ընդհատելու և այլ մարդկանց վարակը կանխելու համար», — ասել է փորձագետը:

Այն երկրներին, որտեղ վարակակիրների թիվը նվազում է, Կեխովենը հորդորել է շարունակել պահպանել համավարակի տարածման կանխարգելման միջոցառումները և շեշտել, որ մարդիկ նույնպես պետք է շարունակեն պահպանել սոցիալական հեռավորություն, կրեն դիմակներ, մաքրեն ձեռքերն ու անընդհատ օդափոխեն փակ տարածքները:

Շաբաթվա սկզբին ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ղեբրեյեսուսը նշել է, որ աշխարհում դեպքերի թվի նվազումը հուշում է, որ վիրուսը հնարավոր է վերահսկել. «Սա ցույց է տալիս, որ մենք կարող ենք կանխել վարակը և կյանքեր փրկել, եթե շարունակենք հետևել հանրային առողջության ապացուցված միջոցներին»:

Ըստ ԱՀԿ-ի ՝ աշխարհում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 104.3 միլիոնը, որից 2.2 միլիոնը մահացել է: Օրական հայտնաբերված վարակակիրների թվի վերջին նվազումը սկսվել է հունվարի առաջին կեսին:

Leave a Response