Հուլիսի 6-ին բուդդաների հոգևոր առաջնորդը դարձել է 86 տարեկան: Նա նշել է, որ բազմաթիվ մարդկանց բարյացակամ վերաբերմունքի և բարեմաղթանքների շնորհիվ մտադիր է ապրել 110-ից 113 տարի։
«Պետք է հասկանալ․ եթե մեր միտքն անհանգիստ է տարբեր հույզերից, ապա դա ազդում է նաև մեր ֆիզիկական վիճակի վրա․ բարձրանում է մեր արյան ճնշումը, չենք կարողանում հանգիստ քնել և այդպես շարունակ։ Հանգիստ քունն առողջ մարմին ունենալու հիմնական գործոնն է», — ասել է Դալայ Լաման և հավելել, որ ինքն ամեն գիշեր խորը և հանգիստ քնում է 9 ժամ։
Դալայ Լաման նշել է, որ 9-ժամյա խորը քնից հետո ինքն ամեն օր մի քանի ժամ նվիրում է մեդիտացիային: Նա հավելել է, որ անկախ խնդիրներից՝ իր միտքը հանգիստ է պահում։
«Հոգեկան և ֆիզիկական առողջության համար այդքան անհրաժեշտ «հոգեկան հանգստությունը» ձեռք է բերվում առաջին հերթին կարունան (կարեկցանք) զարգացնելու և ոչ պակաս կարևոր ահիմսա (բռնության բացակայություն) սկզբունքի պահպանման միջոցով», — ասել է Դալայ Լաման։
14-րդ Դալայ Լաման, որի իսկական անունը Լհամո Դհոնդրուբ է, ծնվել է 1935 թվականի հուլիսի 6-ին Տիբեթի հյուսիս-արևելքում գտնվող Տակցեր գյուղում: Նա 1937-ին ճանաչվել է իր նախորդի վերամարմնավորումն ու 1940-ին՝ ստանձնել պաշտոնը։ 1959 թվականին Տիբեթի՝ Չինաստանի կազմում ներառվելուց հետո, Դալայ Լաման փախել է Հնդկաստան և այժմ նրա նստավայրը Հիմալայան Դհարամշալա քաղաքում է։
Նա համարվում է բոլոր բուդդաների կարեկցանքի մարմնացումը։ 14-րդ Դալայ Լաման 1989 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի` տարբեր երկրներում կրթական գործունեության և խաղաղարար ջանքերի համար: Նա իր ողջ կյանքի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձրել կրթության զարգացմանն ու ժամանակակից գիտության հետ բուդդիզմի փոխազդեցությանը։