Կյանքը de factoՀամայնքներ

Եթե իմ ու իմ թիմի հաղթելու հավանականությունը բարձր չգնահատեի՝ չէի մասնակցի․ Դավիթ Համբարձումյան

176.1kviews

Սույն թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի կունենան ՏԻՄ համամասնական ընտրություններ։ Այս առթիվ, հավատարիմ մնալով մեր սկզբունքներին, եղել ենք  Մասիս խոշորացված համայնքում և ծանոթացել նախընտրական տրամադրություններին։

Ստորև ներկայացնում ենք Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Համբարձումյանի հետ զրույցը, ով այս ընտրություններին մասնակցում է  «Դավիթ Համբարձումյան» դաշինքով։

Պարոն Համբարձումյան, ինչու՞ որոշեցիք կրկին առաջադրել Ձեր թեկնածությունը և ովքե՞ր ու ի՞նչ հնարավորությունների տեր անձինք են ընդգրկված «Դավիթ Համբարձումյան» դաշինքում։

Այս ամբողջ ընթացքում մենք  աշխատանքով ապացուցել ենք, որ կարող ենք հոգ տանել, զարգացնել ու ծաղկեցնել համայնքը։ Հատկապես համայնքների կառավարման ձևի փոփոխության պայմաններում անհրաժեշտ է ընտրել համայնքի այնպիսի ղեկավար, թիմ, ովքեր կարող են  արդյունավետորեն հաղթահարել անցումային այս ժամանակահատվածը՝  մշտապես լինելով յուրաքանչյուր բնակչի կողքին և շարունակելով իրականացնել համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը:

Մեր թիմում ընդգրկված են մեծամասամբ երիտասարդ, ամենատարբեր ոլորտներից՝ իրավաբաններ, ֆինանսիստներ, մանկավարժներ, բանվորներ /ուհիներ/, ուսանողներ/ուհիներ/, պատերազմի մասնակիցներ՝ իրենց գործում հաջողություններ գրանցած, բանիմաց անհատներ, ովքեր պատրաստակամ են սեփական ողջ ներուժը ներդնելու խոշորացված համայնքի զարգացման գործում:

Ձեր նախընտրական ծրագրում կարևորագույն մի շարք դրույթներ կան, սակայն, այսօր Մասիս համայնքի լրջագույն խնդիրներից է խմելու ջրի հարցը՝ դրա որակը, իսկ որոշ բնակավայրերում էլ՝ բացակայությունը։ Այս հիմնական խնդրի լուծման համար ինչպիսի՞ աշխատանքներ եք նախատեսել իրականացնել։

Մասիս խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում, առհասարակ, բացակայում է խմելու ջրի ցանցը: Մեր թիմը նախատեսել է փուլ առ փուլ իրականացնել խմելու ջրի ցանցի կառուցում՝ համայնք-կառավարություն, համայնք-կառավարություն-մատակարարող կազմակերպություն համագործակցության արդյունքում: Նշեմ, որ մեր կառավարման տարիներին համայնքապետարանի հետևողական  աշխատանքի արդյունքում արդեն իսկ կարողացել ենք հասնել նրան, որ քաղաքում խմելու ջուրը մատակարարվի առավելագույն գրաֆիկով, իսկ որակի մասով կարողացել ենք հասնել մասնակի հաջողության․  տարվա մի մասը բնակիչներին մատակարարվում է ավելի որակյալ ջուր։ Հետևողական աշխատանքի և համայնք-բնակիչ փոխգործակցության արդյունքում այս հարցում ևս ակնկալում ենք հասնել հաջողության՝ ունենալով մշտական  որակյալ ջուր:

 

Պարոն Համբարձումյան, վերջերս մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ճնշումներ են իրականացվում Ձեր դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված մի շարք անձանց նկատմամբ՝ «ցուցակից դուրս գալու կամ աշխատանքից ազատվելու»  սպառնալիքով։ Ի՞նչ գնահատական կտաք այդ ամենին։

Այդ առիթով միայն կասեմ, որ դա հին, «փտած» գործելաոճ է, որը, հակառակ կողմի մոտ, պարզապես, հաջողության հասնելու իմիտացիա է ստեղծում։

Ինչպե՞ս կգնահատեք առաջիկա ընտրություններում Ձեր հաղթելու հավանականությունը, նաև հաշվի առնելով քարոզարշավի ընթացքում խոշորացված համայնքի բնակիչների դրական (ըստ մեր հարցումների) արձագանքները և  Ձեր՝ քաղաքապետության տարիներին մասիսցիների կողմից մեծ  աջակցություն ունենալու հանգամանքը։

Իմ ղեկավարման տարիներին կատարված աշխատանքները տեսանելի են, և մարդիկ գնահատում են աշխատանքով ապացուցված գործունեությունն ու անձանց և դրանից ելնելով էլ ունենք՝ «Ապացուցել եմ աշխատանքով» կարգախոսը․․․․ Եթե իմ ու իմ թիմի հաղթելու հավանականությունը բարձր չգնահատեի՝ չէի մասնակցի։

Պարոն Համբարձումյան, ո՞րն է Ձեր նախընտրական կոչը, գուցե` հորդորը ընտրողներին։

Ընտրությունը պատասխանատվություն է, յուրաքանչյուրիս պարտականությունը․ կոչ եմ անում, հորդորում եմ ընտրելու իրավունք ունեցող բոլոր անձանց ակտիվ մասնակցեն և իրենց ձայնը վստահեն աշխատանքով ապացուցած թիվ 1 թիմին։

 

Հեղինակ՝ Մերի Եղիազարյան

Leave a Response