Կարևորելով ցանկացած ոլորտի տեղն ու դերը երկրի զարգացման գործում, gmpress.am-ը հանդես է գալիս մի նախաձեռնությամբ, համաձայն որի՝ տարբեր ոլորտների գիտակ և ուսյալ մարդիկ կներկայացնեն երկրի զարգացման իրենց տեսլականը՝ առանց քաղաքական թեման շոշափելու, այսինքն՝ թե ինչպես կարելի է կարգի բերել մեր երկրում ստեղծված իրավիճակը՝ բացառապես սեփական գաղափարով, գիտելիքով, ներուժով և ոլորտին բնորոշ ռեսուրսներով :
Այս անգամ զրուցում ենք տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հետ: Վերջինս, բնականաբար, լինելով քաղաքական գործիչ, նշեց, որ որքան էլ մասնագիտորեն խնդրին անդրադառնանք, վերլուծենք, միևնույնն է, պետք է արձանագրենք, որ քաղաքական իրողությունները տնտեսության զարգացման համար չափազանց կարևոր են. «Հենց տնտեսության գրավչության բարձրացմանը միտված քաղաքականություն է պետք վարել, կատարել որոշակի քայլեր ու գործողություններ, որի համար մի քանի կան գործոններ. նախ, միջավայրը պետք է լինի բարենպաստ, որի համար իրավակարգավորումները պետք է լինեն մատչելի, հանրամատչելի, կայուն, անընդհատ փոփոխությունների չենթարկվեն , իսկ տնտեսական, միջազգային նոր հոսքերի, ներդրումների համար բարենպաստ պայմաններ պետք է ստեղծվեն. այստեղ չափազանց կարևոր է երկրի կայունությունն ու անվտանգությունը: Եթե ասվածն առավել մանրամասնեմ, ապա պետք է փոփոխություններ իրականացնենք՝ հենց կրթությունից սկսած, և առհասարակ, բոլոր ոլորտներում գիտելիքներն ու համապատասխան կադրերը պետք է լինեն մրցունակ ոչ միայն ՀՀ տարածքում, տարածաշրջանում, այլ, առհասարակ, քաղաքակիրթ աշխարհի բոլոր չափորոշիչներին համապատասխան: Մենք պետք է կարողանանք մեր երկրում գիտելիքահեն տնտեսության զարգացման տեսլականը որպես իրականություն ամրագրել և դա սկսել հենց կրթությունից ու գիտությունից, որը քաղաքականության և ֆինանսավորման արդյունք է և որն իր մեջ կներառի կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականներ»,- ահա այսկերպ ներկայացրեց երկրի զարգացման իր տեսլականը պարոն Էնֆիաջյանը:
Հեղինակ՝ Մերի Եղիազարյան