Կյանքը de factoՀասարակություն

Այսօր Երևանում ավագանու ընտրություններ են

215views

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանում ավագանու ընտրություններ են, որոնց մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցութուն և 1 դաշինք։  Առավոտյան ժամը 08։00-ից բոլոր ընտրատեղամասերը բացվել են։ Քաղաքացիները կարող են մասնակցել քվեարկությանը մինչ ժամը 20։00-ն։

Երևանի ավագանին, որը կազմված է 65 անդամից, ընտրվում է համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով։  Քաղաքացիները ընտրում են ոչ թե քաղաքապետ, այլ ավագանի։ Երևանի ավագանիում ձայների մեծամասնությունը ստացած ավագանու առաջին համարն էլ դառնում է քաղաքապետ կամ էլ քաղաքապետ է ընտրում հենց ավագանին՝ կախված ձայների հարաբերակցությունից։

Երևանի ավագանու ընտրություններին գրանցված կուսակցությունների ու դաշինքի համարները՝ քվեաթերթիկում.

1. «Հանրային ձայն» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արտակ Գալստյան),
2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Տիգրան Ավինյան),
3.«Արդար Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Նորայր Նորիկյան),
4.«Հաղթանակ» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Վիկտոր Մնացականյան),
5.«Ուժը հայրենյաց» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Նելլի Հարությունյան),
6. «Հայաստանի եվրոպական կուսակցություն» (քաղաքապետի թեկնածու` Տիգրան Խզմալյան),
7.«Ազգային առաջընթաց» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Հայկ Մարության),
8.«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արման Ղուկասյան),
9.«Հանրապետություն» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արտակ Զեյնալյան),
10.«Միացյալ Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Երվանդ Թարվերդյան),
11.«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Դավիթ Խաժակյան),
12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Սուրեն Պետրոսյան),
13.  «Ապրելու երկիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Մանե Թանդիլյան),
14.  «Մայր Հայաստան» դաշինք (կազմված է «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններից, քաղաքապետի թեկնածու` Անդրանիկ Թևանյան):

Երևանի ավագանու հերթական ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու միջազգային չորս, տեղական՝ երեք կազմակերպություն:

Ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել են 475 ընտրական տեղամասային կենտրոններ. դրանցից 183-ը մատչելի են։

Քվեարկության ողջ ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացն առցանց հեռարձակվելու են Երևանի բոլոր 475 տեղամասերից՝ իրական ժամանակում։

Հիշեցնենք, որ երեկ լռության օր էր, իսկ դրա նախօրեին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 քաղաքական ուժերն ավարտեցին նախընտրական քարոզարշավը, որը մեկնարկել էր օգոստոսի 23-ին և շարունակվել մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ:

Այսօր ևս մինչև քվեարկության ավարտը՝ ժամը 20։00 արգելվում է քարոզչությունն ու հակաքարոզչությունը:  Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է. «Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է»։

Leave a Response