Կայացավ Ակադեմիկոս Ա․Ռ․ Մկրտչյանի անվան Ակուստաֆիզիկայի առաջին միջազգային գիտատեխնիկական դպրոց-սեմինարը
Յուրաքանչյուր երկրի զարգացման գործում իր ուրույն տեղն ու դերն ունի գիտությունը։ Այս համատեքստում էլ, պարբերաբար կազմակերպվող գիտաժողովներով և գիտական միջոցառումներով հարուստ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի Կիրառական պրոբլեմների ինստիտուտում սույն թվականի հունիսի 6-10-ն անցկացվեց Ակադեմիկոս Ա․Ռ․ Մկրտչյանի անվան Ակուստաֆիզիկայի առաջին միջազգային գիտատեխնիկական դպրոց-սեմինարը։
Ալպիկ Մկրտչյանը ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի հիմնադիրն է: Նրա անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ Հայաստանում և արտերկրում կատարվել են գիտական բազմաթիվ հայտնագործություններ, մշակվել են մի շարք նոր գիտահետազոտական մեթոդներ և գիտական սարքավորումներ: Ալպիկ Մկրտչյանի կողմից կատարված գիտական հետազոտությունների հիման վրա ձևավորվել և ինտենսիվ զարգանում է ֆիզիկայի նոր բնագավառ` ակուստաֆիզիկան: Նա գիտական ղեկավար է եղել բազմաթիվ մեծածավալ միջազգային դրամաշնորհների, ակտիվորեն զբաղվել է արտասահմանյան երկրների հետ գիտաարտադրական կապերի ստեղծման և զարգացման հարցերով:
Գիտատեխնիկական դպրոց-սեմինարին մասնակցում էին անվանի ֆիզիկոսներ և երիտասարդ մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Իտալիայից, Անգլիայից, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեից, ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ և այլոք:
Միջոցառման բացումն ազդարարվեց Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտատեխնիկական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, պրոֆեսոր Արտակ Մկրտչյանի ողջույնի խոսքով, որից հետո ներկայացվեց Ալպիկ Մկրտչյանի կյանքի և գիտական գործունեության մասին պատմող փոքրիկ ցուցադրություն։
Մինչ բուն զեկույցներին անդրադառնալը՝ ինչպես ինստիտուտի աշխատակիցներն, այնպես էլ շատ անվանի ֆիզիկոսներ տարբեր երկրներից կիսվեցին Ա․Մկրտչյանի մասին պատմող գեղեցիկ հուշերով՝ ընդգծելով այն մեծ սերն ու նվիրումը, որ նա ունեցել է գիտության ու հայրենիքի հանդեպ, ով կյանքի ցանկացած իրավիճակում մնում էր գիտությանը նվիրված մարդ․ «Թո՛ղ այնտեղ իր համար միշտ լավ լինի, մենք երբեք չենք մոռանա, թե ինչ է նա արել մեզ համար»,- ասաց Իտալիայի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտ «Ֆրասկատիի ազգային լաբորատորիաներ»-ի հետազոտությունների գծով տնօրեն Սուլթան Դաբագովը, ով նաև ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի հետ համատեղ լաբորատորիայի վարիչն է Իտալիայում։
Գիտական զեկուցումներով հանդես եկան Սուլթան Դաբագովը, ՌԴ ԳԱ-ի Միկրոէլեկտրոնիկայի և հատուկ մաքրության նյութերի տեխնոլոգիական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Դմիտրի Ռոշչուպկինը, ով վերջերս ընտրվել էր ՌԴ ակադեմիայի թղթակից անդամ, Միացյալ Թագավորության «Royal Holloway» Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Պավել Կարատաևը, Տոմսկի Պոլիտեխնիակական համալսարանից մի շարք երիտասարդներ, Ռուս-Հայկական համատեղ «Ռենտգենյան օպտիկա» լաբորատորիայի ղեկավար Ալեքսեյ Գոգոլևը, պրոֆեսոր Ալեքսանդր Պոտիլիցինը և այլոք։
Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը, ով ևս մասնակցում էր սեմինարին, մեզ հետ զրույցում խոսելով ՖԿՊԻ-ի և իրենց ինստիտուտի ակտիվ համագործակցության մասին՝ նշեց, որ խնդիրներ կան, որոնք կարողանում են բարձր մակարդակով համատեղ լուծել․ «Դպրոց-սեմինարը, ինչպես և ՖԿՊԻ-ում անցկացվող ցանկացած գիտական միջոցառում կազմակերպված է բարձր մակարդակով՝ միջազգային մասնակցությամբ և օրակարգում ընդգրկված են կիրառական տարբեր խնդիրներին վերաբերող զեկույցներ, որոնք տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն կարող են ունենալ։ Մեր մասնագետները ներկայացնում են իրենց գիտական հետազոտությունները, որոնք հետաքրքրություն են ներկայացնում միջազգային մասնագետների շրջանում և, արդյունքում, ձևավորվում են համատեղ թեմաներ, համատեղ գիտական լաբորատորիաներ, որի հարուստ ու հաջողված փորձն այս ինստիտուտն ունի»,- նշեց Ջ․Կարապետյանը։
Դպրոց-սեմինարի բարձր մակարդակով կազմակերպվածության մասին խոսեցին բոլորը։ Տոմսկի Պոլիտեխնիկական համալսարանից երիտասարդ գիտաշխատող Բորիս Ալեքսեևը, ով առաջին անգամ դեռ 2019թ․-ին է մասնակցել ՖԿՊԻ-ի կազմակերպած գիտաժողովին, նշեց, որ իրեն դուր է գալիս այն, թե ինչպես են ամեն ինչ այստեղ կազմակերպում, և ինչպիսի կարևոր խնդիրներ են քննարկվում, բարձրաձայնվում ու լուծումներ ստանում։ Նա գովեստի խոսքեր շռայլեց նաև հայերիս հասցեին․«Հայերը հիանալի մարդիկ են, հրաշալի երկիր ու քաղաք է և այս ամենով արդեն ամեն ինչ ասված է»։
Գիտական միջոցառումը հունիսի 8-10-ը շարունակվեց Սևանում՝ կլոր սեղան-քննարկումների շուրջ՝ համեմված պատմական, ճանաչողական և հետաքրքիր էքսկուրսով։
ՖԿՊԻ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Քոչարյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով դպրոց-սեմինարի անցկացման գաղափարին, նշեց, որ այն նվիրված է ինստիտուտում Ա․Մկրտչյանի ղեկավարությամբ իրականացված հիմնարար հետազոտությունների արդյունքների հիման վրա ձևավորված և միջազգային գիտական հանրության մեջ իր ուրույն տեղը գրաված նոր գիտական ուղղությանը` ակուստաֆիզիկային, որը ներառում է մոդուլյացիոն մյոսբաուէրյան, մոդուլյացիոն ռենտգենյան, մոդուլյացիոն գամմա-օպտիկայի, ակուստապլազմայի և ակուստաէլեկտրոնիկայի ենթաբաժինները: Այս դպրոց-սեմինարը հանդիսանալու է նաև ապագայում «Ակուստաֆիզիկա» գիտաժողովի կազմակերպման հիմքը, այսպես ասած, վերաթողարկումը 1978թ․-ից Սևանում անցկացվող Մյոսբաուէրյան մոդուլյացիոն սպեկտրասկոպիայի առաջին գիտաժողովի, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կանգ էր առել։ Ակադեմիկոս Ա․Ռ․ Մկրտչյանի անվան ակուստաֆիզիկայի առաջին միջազգային գիտատեխնիկական դպրոց-սեմինարի գերնպատակներից մեկն էլ այն է, որ այն կարողանանք կազմակերպել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում, մասնավորպես՝ ՌԴ-ում, քանզի Ա.Ռ. Մկրտչյանի ջանքերով մեր ինստիտուտի ու ՌԴ-ի գիտական կազմակերպությունների հետ համագործակցությունների շրջանակներում ստեղծվել են բազմաթիվ ցանցային լաբորատորիաներ՝ ՌԴ Տոմսկի, Մոսկվայի, Բելգորոդի և մի շարք այլ քաղաքների ինստիտուտների ու համալսարանների հետ։ Հարկ է նշել, որ առաջին Հայ-Ռուսական համատեղ լաբորատորիան հիմնադրվել է Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի և հենց մեր ինստիտուտի միջև՝ 2011թ.-ին։ Այդ ցանցային լաբորատորիաների հիման վրա նաև հայ-իտալական համատեղ լաբորատորիան հիմնադրվեց։ Այժմ Իտալիայում ցանցային լաբորատորիա ունենք՝ Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտ «Ֆրասկատիի ազգային լաբորատորիաներ»-ի հետ, որը գործում է շուրջ 9 տարի։ Նախատեսում ենք նույնատիպ լաբորատորիաներ ստեղծել Անգլիայում և Գերմանիայում։ Համատեղ լաբորատորիա ստեղծելու գործուն ծրագիր կա նաև Նալչիկի գիտահետազոտական կենտրոնի հետ, որը պետք է լինի Անդրկովկասյան համատեղ դպրոց։ Դպրոցի հիմնադիրը մեր ինստիտուտն ու Իտալիայի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտ «Ֆրասկատիի ազգային լաբորատորիաներ»-ի հետազոտությունների գծով տնօրեն Սուլթան Դաբագովի խումբն է։ Անվանումը, ըստ Դաբագովի հետ նախնական պայմանավորվածության, լինելու է «Խաղաղ գիտական Կովկաս»։
Սեմինարի ընթացքում կազմակերպվեցին նաև կլոր սեղան-քննարկումներ, որոնց ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել նոր համագործակցությունների, մասնավորապես՝ պլանավորվել են Դուբնայի էլեկտրոնային արագացուցիչների, Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի միկրոտրոնի և Իտալիայում՝ ԴԱՖՆԵ սինքրոտրոնի վրա իրականացնել համատեղ հետազոտություններ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ ԳԱ Միկրոէլեկտրոնիկայի և հատուկ մաքրության նյութերի տեխնոլոգիական պրոբլեմների ինստիտուտի հետ կոնսորցիում ստեղծելու, որպեսզի մեր ակուսատաէլեկտրոնիկայի մեթոդների կիրառմամբ չիպերի ու միկրոչիպերի արտադրության համար գիտական մշակումներ իրականացնենք։
Արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք մեր գործընկեր երկրների ինստիտուտների հետ՝ Գիտության կոմիտեի՝ «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր» մրցույթին մասնակցելու։
Նշեմ, որ այս ընթացքում մեզ մոտ իրականացրել ենք ռենտգենյան տոմոգրաֆիա և ստացել ենք միկրոտոմոգրաֆիկ առաջին պատկերները։ Այս մեկ շաբաթվա ընթացքում թողարկեցինք ռենտգենյան միկրոտոմոգրաֆը, բայց դրա հզորությունը քիչ է՝ մեծ կամ ծանր նյութերից կազմված օբյեկտներ ուսումնասիրելու համար, և քանի որ, այդ ամենով շատ հետաքրքված էր Անգլիայի թիմը, պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ի կողմից հնագիտական պեղումների ընթացքում ձեռք բերված արժեքավոր նմուշները սկզբում հետազոտվեն մեր ինստիտուտում, իսկ անհրաժեշտության դեպքում տարվեն այնտեղ՝ սինքրոտրոնային ճառագայթներով հետազոտություններ իրականացնելու, թվագրելու և փաստաթղթավորելու համար։
Հուսով եմ, որ բացի համագործակցության նոր հեռանկարներից, այս միջոցառումը նաև իր հետքը կթողնի երիտասարդ գիտաշխատողների վրա, ովքեր հետագայում առավել արդյունավետ կիրականացնեն իրենց գիտական գործունեությունը»,- հավելեց Վ․Քոչարյանը։
Հարկ է նշել, որ սեմինարին մասնակցելու համար առավել շատ թվով մարդիկ պետք է գային, բայց քանի որ այն համընկավ ՌԴ ակադեմիայի անդամների ընտրության հետ, շատերն, ովքեր ընտրական երկրորդ փուլին պետք է մասնակցեին, չկարողացան գալ։ Այդ իսկ պատճառով էլ, մասնակիցների խնդրանքով, եկող տարի այն կիրականացվի 10-15 օր ավելի ուշ՝ հաշվի առնելով նաև արձակուրդային ժամանակաշրջանը։
Դպրոցը նախատեսվում է անցկացնել ամեն տարի՝ առանց մասնակիցների տարիքային սահմանափակման։
Հավելենք, որ Ակադեմիկոս Ա․Ռ․ Մկրտչյանի անվան ակուստաֆիզիկայի առաջին միջազգային գիտատեխնիկական դպրոց-սեմինարի ֆինասանվորումն ամբողջովին իրականցվել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի ֆինանսական միջոցների հաշվին։
Դպրոց-սեմինարի աշխատանքներն ավարտվեցին հունիսի 10-ին և բոլոր հյուրերը հեռանալիս, նոր համագործակցությունների հեռանկարների հետ միասին, իրենց հետ տարան նաև անմոռանալի հուշեր՝ անկրկնելի բնություն ունեցող հյուրընկալ Հայաստանից:
Հեղինակ՝ Մերի Եղիազարյան