Արժեքներ

Հարցերը պետք է բարձրացվեն և լուծում ստանան, հակառակ դեպքում` գիտությունն ապագա չի ունենա․ Տիգրան Զաքարյան

6.1kviews

Կարևորելով գիտության դերը Հայաստանի զարգացման գործում՝ gmpress.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ-ում գործող գիտական հաստատությունների գործունեությունն՝ այս անգամ ևս հանգրվանելով Աշտարակ քաղաքում գտնվող ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում:

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը հիմնվել է 1960թ.-ին` Բյուրականի աստղադիտարանի «Ռադիոաստղագիտության» բաժնի հիման վրա, որը հետագայում տեղափոխվեց ներկայիս տարածք՝ Աշտարակ և սկսեց զարգանալ: Լինելով ակադեմիական ինստիտուտներից հեռու՝ ինստիտուտը բեղուն գործունեություն է իրականացնում՝ իր ավանդն ու ներդրումն ունենալով մեր երկրի զարգացման, հզորացման ու, ամենակարևորն, անվտանգության գործում: Ինստիտուտի գործունեության հիմնական ոլորտներն են՝ Ռադիո‎ֆիզիկական մեթոդների զարգացումը և ԳԲՀ սարքերի ու համակարգերի ստեղծումը՝ Երկրի և մթնոլորտի հեռազննման, բժշկական ախտորոշման և նյութերի հետազոտման համար, տերահերցային տիրույթի նոր ‎ֆունկցիոնալ տարրերի և մետաղադիէլեկտրիկական ալիքատար կառուցվածքների մշակումը, կիսահաղորդչային հետերակառուցվածքների և բարակթաղանթային բարդ նյութերի սինթեզն ու հետազոտումը՝ ին‎ֆ‎րակարմիր տիրույթի օպտոէլեկտրոնիկայում կիրառման համար, նյութերի մեխանիկական և օպտիկական հատկությունների վրա բյուրեղային ցանցի դե‎ֆեկտների ազդեցության հետազոտումը, պլազմային միջավայրերում էլեկտրամագնիսական ալիքների գեներացիայի և տարածման, ինչպես նաև՝ մասնիկների շարժման տեսական հետազոտությունները։

Ինչպես արդեն նշեցինք, ինստիտուտն իր ներդրումն ունի նաև ռազմարդյունաբերության ոլորտում և մեզ հետ զրույցում ինստիտուտի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Տիգրան Զաքարյանն, անդրադառնալով այս կարևորագույն թեմային՝ նշեց, որ պատերազմի արդյունքները բավականին մտահոգիչ էին ինստիտուտի (և ոչ միայն իրենց) ընդհանուր գործունեության տեսանկյունից․ «Հարցը նրանումն է, որ մեր զինված ուժերին շատ որակյալ և հնարավորինս ժամանակակից սպառազինություն է անհրաժեշտ, և պետք է անկեղծ խոստովանենք, որ ժամանակին մեր ունեցած նվաճումներն ու գիտական մշակումներն այսօրվա պահանջներին մասամբ են բավարարում։ Որոշ դեպքերում էլ ոլորտի համաշխարհային զարգացումները ցույց են տալիս, որ սպառազինությունն իր զարգացման փուլում անցել է արդեն հաջորդ սերնդին և նախորդինն արդեն ոչ թե անբավարար է, այլ, պարզապես, պետք չէ, քանզի այժմյան մարտահրավերներն այլ են։ Հաշվի առնելով պատերազմով պայմանավորված հանգամանքը, որ զինված ուժերը պահանջում են ավելի որակյալ, ժամանակակից սպառազինություն, պահանջները փոխվեցին և մեր պատվիրատուներն արդեն որակի առումով շատ խստապահանջ են, այսինքն՝ եթե սրանից մի 5 տարի առաջ պատրաստակամությամբ ընդունվում էին գրեթե բոլոր առաջարկները՝ հիմա արդեն այդպես չէ, և հետևաբար իրականացվող ծրագրերի քանակն է նվազել։

Վերջին 2-3 տարվա զարգացումները ցույց են տալիս, որ մեզ անհրաժեշտ է ժամանակակից ռազմարդյունաբերություն և մշակումներ, ընդ որում՝ որոնք ոլորտում կլինեն ոչ թե լինեն մրցունակ, այլ լավագույնը։ Այս առումով, բացի կոնկրետ գիտական քայլերից, շատ կարևոր է կադրային խնդրի լուծումը, որովհետև լավագույն մասնագետները ձգտում են այլ կազմակերպություններում աշխատել և դա ոչ միայն ֆինանսականի հետ է կապված, այլ, մասամբ, նաև աշխատանքային պայմանների։ Մեր հիմնական կադրային ռեսուրսը ուսանողներն են, իհարկե լավագույն գիտական արդյունքները տալիս են ասպիրանտները, բայց վերջին տարիներին նրանց քանակը նվազել է, որն էլ, մասամբ, պայմանավորված է տարկետման հետ կապված փոփոխությամբ։ Հիմա, նույնիսկ, պատկերն այնպիսին է, որ պետական պատվերով մեզ հատկացված անվճար տեղերը ոչ ամեն տարի ենք կարողանում համալրել։ Բարեբախտաբար, ունենք նաև հայցորդների ինստիտուտը, ինչպես նաև բալավրիատի ուսանողներ, բայց, իհարկե, չգիտենք, թե նրանցից քանիսն ավարտելուց հետո կմնան կամ կշարունակեն մեզ մոտ աշխատել։ Կադրային խնդրի լուծմանն ուղղված քայլերն, առնվազն, այս կերպ պետք է շարունակենք, որովհետև ուրիշ ռեսուրս չունենք․ երիտասարդներն ուսանողներն են, այլ աղբյուր չկա։

Ասեմ նաև, որ բնականաբար, ինստիտուտի ֆինանսական միջոցներն այս ոլորտում որոշակիորեն նվազել են, սակայն սա որոշակի փուլ է, որ պետք է անցնել՝ հաշվի առնելով նոր մարտահրավերները․ սա փորձություն է, որը կբերի որակի բարձրացմանը։

Խոսելով ֆինանսական միջոցների մասին, հարկ է նշել նաև, որ 2022թ․-ի հունվարի մեկից բավականին լուրջ փոփոխություն եղավ՝ ատեստավորման արդյունքներով բարձրացվեցին աշխատավարձերը, որը վերջին տարիների համեմատ մեծ նվաճում է և բավականին մոտիվացնող»։

Շարունակելով խնդիրների թեման՝ պարոն Զաքարյանը սարքավորումների վերաբերյալ ասաց, որ ռեալ երկու աղբյուր ունեն՝ Գիտության կոմիտեի և ՀՀ ԳԱԱ-ի կողմից տրամադրվող գրեթե ամենամյա դրամաշնորները, որոնք ուղղված են գիտական ենթակառուցվածքի արդիականացմանն ու ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը․ «2018թ․-ից ի վեր ձեռք ենք բերել ֆրեզերային հաստոց, Հոլի էֆեկտի չափիչ սարք, ազդանշանների հապաղման համակարգ, որը թույլ է տալիս ռադիոլոկացիոն կայանների փորձարկումները դաշտային ծանր պայմաններում կատարելու փոխարեն իրականացնել լաբորատորիայում, 2020թ․-ին ձեռք բերեցինք շղթաների վեկտրական անալիզատորը, որն այս պահին լավագույնն է իր տեսակում, ինչպես նաև՝ որոշակի թանկարժեք, փոքրիկ անտենաներ, սպեկտրի անալիզատոր և այլն։ Սարքավորումները տարեցտարի համալրվում են և պետք է անկեղծորեն ասեմ, որ այս իմաստով, ինստիտուտում վիճակը գրեթե նորմալ է, այսինքն՝ այնպես չէ, որ բավարար է, բայց, ամեն դեպքում, գործը չի տուժում այս կամ այն սարքավորման բացակայության պատճառով»,- ասաց պարոն Զաքարյանը։

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ֆինանսական հիմնական աղբյուրը, ինչպես նշում է տնօրենը, բացի բազայինից, թեմատիկ ծրագրերն են՝ ինչպես ներպետական, այնպես էլ արտերկրի գործընկերների հետ համատեղ։ Ներկայումս այդպիսի միջազգային 2 ծրագիր ունեն Բելառուսի հետ․ «Բոլոր հնարավորություննները պետք է օգտագործել, և ակտիվ մասնակցության դեպքում, աշխատավարձի իմաստով, արդեն շատ թե քիչ բարենպաստ պատկեր կստեղծվի։ Ողջունելի է, որ գրեթե բոլոր ծրագրերն ունեն խիստ պահանջ՝ երիտասարդ գիտնականներին ներգրավելու, սակայն այստեղ մի խնդիր կա, մասնավորապես այն, որ 70 տարեկան գիտնականը չի կարող լինել ծրագրի ղեկավար, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ գոնե այս պահին մեր լավագույն գիտնականները երիտասարդ չեն, թերևս, այս պահանջն ինչ-որ չափով պետք է մեղմացվի»,-այս ենթատեքստում էլ ընդգծեց, որ սերնդափոխությունը նորմալ չի կատարվում, ինչ որ քայլեր արվում են, իհարկե, բայց դրանք դեռ բավարար չեն․ սերնդափոխությունն արդեն որերորդ տասնամյակն է շարունակում է մնալ գերակա խնդիր։

Չնայած գիտության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներին՝ ինստիտուտում մեծ եռանդով շարունակվում են աշխատանքները, ինչպես նշում է տնօրեն Զաքարյանը, այս պահին ունեն 3 դասի ռադիոլոկացիոն կայաննների մասով մշակումներ, աշխատանքներ են տարվում արագ շարժվող օբյեկտների հայտնաբերման ուղղությամբ, որը կիրառվում է ռազմարդյունաբեության ոլորտում, ունեն մշակումներ արեգակնային էներգետիկայի ոլորտում օգտագործվող բարձր արդյունավետության էլեմենտների մշակման մասով, որոնք թույլ կտան էապես բարելվել ՕԳԳ-ն՝ բազմաշերտ կառուցվածքներ օգտագործելով։ Ներկայումս գիտական մշակման փուլում է նաև ինֆրակարմիր տիրույթի լազերների մշակումը, որը նույնպես կարող է ունենալ ռազմարդյունաբերական կիրառություն։ Հիմնարար գիտության ուղղությամբ ևս կա շատ կարևոր նվաճում՝ դա գլանային սիմետրիայով ռադիոալիքների տարածման առանձնահատկությունների ուսումնասիրումն է, որը նույնպես կարող է հատուկ կիրառական նշանակություն ունենալ՝ անվտանգային ոլորտում, օրինակ, 2 կետերի միջև պաշտպանված հատուկ կապ ապահովելու համար։

Ինստիտուտի տնօրենի հետ զրուցեցինք նաև ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագրի վերաբերյալ, որին վերջինս բավականին դրական է վերաբերում՝ նշելով, այդ կոնցեպցիայի տեղի վերաբերյալ վերջին շրջանում իրականացվող նախնական քննարկումներով, որպես տարբերակ, դիտարկվում է նաև իրենց ինստիտուտի տարածքը․ «Սկզբունքորեն, իհարկե, կրթության և գիտության ինտեգրումը շատ բնական և ճիշտ քայլ է, պարզապես պետք է այդ ընթացքում պահպանել այն գիտական ենթակառուցվածքը, որն այստեղ առկա է և չկորցնել այն, ինչ ունենք այս պահին աշխատող։ Սա շատ ճիշտ գաղափար է և համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այդպիսի ակադեմիական կամպուսներն, ընդ որում, քաղաքից դուրս գտնվող, բավականին արդյունավետ են։ Այստեղ խնդիր կա այլ մարզերից ուսանողների տեղափոխման, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցեր ևս կան, հուսանք, որ հաշվի կառնվեն բոլոր հանգամանքները և ծրագիրն, ի վերջո, կյանքի կկոչվի»,-ասաց նա։

Պարոն Զաքարյանը խոսեց նաև հետագա պլաններից, մասնավորապես, քանզի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի հիմնադրման օրվանից ուսումնասիրությունների կարևորագույն ուղղությունը եղել է ռադիոաստղագիտությունը, և ինստիտուտի տարածքում կան մեծ տրամագծով անտենաներ, որոնք չեն շահագործվում՝ նպատակ ունեն վերագործարկել դրանք՝ ռադիոաստղագիտական ուսումնասիրությունները շարունակելու համար, որտեղ էլ կրկին առաջնայինը մասնագիտական կադրերի խնդիրն է․ «Մեր հետագա զարգացման հնարավորություններից մեկը մի քանի պրոֆիլային կազմակերպություններով գերազանցության կենտրոնների ստեղծումն է։ Օրինակ՝ մեր ինստիտուտը զբաղվում է էլեկտրոնիկայով, եթե միավորվենք մեկ այլ կազմակերպության հետ, որը, ենթադրենք, զբաղվում է օպտիկայով, որի արդյունքում, կիրառման ոլորտն իրապես կլայնանա, հնարավորություններն էլ՝ կշատանան։ Այստեղ իհարկե, օրենսդրական, իրավական խնդիրներ կան, որոնց ուղղությամբ աշխատում ենք, բնականաբար, հարցերը պետք է բարձրացվեն և լուծում ստանան, հակառակ դեպքում` գիտությունն ապագա չի ունենա․ սա զարգացման միակ ճանապարհն է»,- ոլորտի զարգացման իր տեսլականով ավարտեց մեզ հետ այսչափ բովանդակալից զրույցը ՌՖԷԻ տնօրեն Տիգրան Զաքարյանը։

 

 

Leave a Response