Կյանքը de facto

Միջազգային հանրությունը պետք է հստակ կեցվածքի որդեգրի. Գարեգին Բ-ն՝ Նատալի Լուազոյին

521views

Հուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին:

Մայր Աթոռից հայտնում են, որ հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ի դեմս տիկին Նատալի Լուազոյի իր շնորհակալությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին և բարեկամ ժողովրդին մշտական ջերմ վերաբերմունքի, համավարակի ժամանակ, 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Հայաստանին և Արցախին ցուցաբերված զորակցության և աջակցության համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց արցախյան երկրորդ պատերազմի ծանր հետևանքներին, Արցախի ժողովրդի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և անվտանգության խնդիրներին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի թեմի հոգևոր ու պատմամշակութային ժառանգության նկատմամբ դրսևորվող բարբարոսական վերաբերմունքին և հայկական սրբավայրերի պատկանելության կեղծման ձգտումներին։

Խոսվեց առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, ինչպես նաև տեղահանված արցախցի ընտանիքներին ի նպաստ Հայոց Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի մասին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց միջազգային հանրության կողմից հստակ կեցվածքի որդեգրումը և առավելագույն ջանքերի գործադրումը՝ կասեցնելու Ադրբեջանի սպառնալիքներն ու սադրիչ ոտնձգությունները ՀՀ սահմանների նկատմամբ, նպաստելու առկա խնդիրների շուտափույթ հանգուցալուծմանը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը։

Leave a Response