Արժեքներ

Մեծանուն գիտնականն այսօր տոնում է իր ծննդյան 70-ամյակը

15.6kviews

Տեխնիկական  գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Բաբկենի Կնյազյանն այսօր տոնում է իր ծննդյան 70-ամյակը:  Ն.Կնյազյանը ՀՀ -ում և դրա սահմաններից դուրս մեծ հարգանք վայելող գիտնական է, ում  բազմամյա վաստակը գիտության և մանկավարժական գործունեության մեջ, պարզապես, անգնահատելի է:

Ն.Կնյազյանը ավելի քան 248 գիտական հոդվածի և  արտոնագրի հեղինակ է:   Նրա նախաձեռնությամբ  Հայաստանում ՀՀ ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի կողմից կազմակերպվել է  6 Միջազգային գիտաժողով՝  «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ»  թեմայով, նաև՝ բազմաթիվ զեկուցումներով հանդես է եկել  Միջազգային ու Հանրապետական գիտաժողովներում:

Ն. Կնյազյանի գիտական գործունեությունը  նոր խոսք է ավելացրել անօրգանական և սիլիկատային նյութերի քիմիայի բնագավառում: Նրա ղեկավարությամբ մշակվել և շարունակվում են մշակվել տեխնիկական նշանակության, նոր բաղադրության դյուրահալ,  միկրոկարծրության բարձր արժեքներով,  քիմիապես կայուն, ցածր ջերմաստիճանային կապակցող ապակիներ, պաշտպանիչ և մեկուսիչ ապակեծածկույթներ, կոնստրուկցիոն և ապակեբյուրեղային սեգնետոէլեկտրիկ նյութեր, կարծր էլեկտրոլիտներ, կիսահաղորդչային ապակիներ, իոնացված ճառագայթների և դանդաղընթաց  նեյտրոնների կլանիչներ:

Տեղական ալյումասիլիկատային ապարների հիման վրա մշակված են բաղադրություններ՝ տարային, տեսակավոր և թերթավոր ապակիների, դյուրահալ էմալների, գունավոր ապակիների՝ վիտրաժների գեղարվեստական իրերի թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի իմիտացիայի ստացման համար, ջերմակայուն ապակիների և ապակեբյուրեղային նյութերի նոր բաղադրություններ և սիտալացման՝ երկաստիճանային  ջերմամշակման տեխնոլոգիաներ, որոնցից շատերը ներդրված են արտադրության մեջ:

gmpress.am-ի ողջ անձնակազմը շնորհավորում է մեծանուն գիտնականին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր հաջողություններ՝ գիտական ու մանկավարժական գործունեության մեջ:

Leave a Response