Նվաստացուցիչ հայտարարությունը ստորագրած անձին հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մեր անունից որևէ նոր փաստաթուղթ ստորագրելու լիազորություն չենք տալիս. մի շարք գիտնականների հայտարարությունը
Որպես ՀՀ քաղաքացիներ հայտարարում ենք, որ նոյեմբերի 9-ի պարտվողական ու նվաստատացուցիչ եռակողմ հայտարարությունը ստորագրած անձին ս.թ. հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը ո´չ մասնակցելու և ո´չ էլ առավել ևս մեր անունից որևէ նոր փաստաթուղթ ստորագրելու լիազորություն չենք տալիս: Այս մասին ասված է մի շարք գիտնականների կողմից հիմնված «Մայիսի 9-ի հանձնախմբի» տարածած հայտարարության մեջ:
Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.
Սիրելի´ հայրենակիցներ,
Արցախյան երրորդ պատերազմը ողջ հայությանը կանգնեցրել է կենսական լրջագույն սպառնալիքների ու մարտահրավերների առաջ: Դրանք դրսևորվում են ոչ միայն մեր ազգային կյանքի կարևորագույն ոլորտներում ապազգային երևույթների արմատավորման, պարտության քարոզչության և մեր հասարակության ծայրաստիճան երկփեղկման ու բևեռացման խորացման, այլև Արցախյան հիմնախնդրի նպատակադիր ստորադասման, ՀՀ-ում ապաստանած արցախահայության նկատմամբ թշնամական տրամադրության ձևավորման և Հայաստանի անկախության ու պետականության ողնաշարի՝ հայոց բանակի դերի ու նշանակության վարկաբեկման միջոցներով: Ադրբեջանի ու Թուրքիայի՝ օր-օրի մեծացող սպառնալիքների պայմաններում ՀՀ իշխանությունները «բանավոր խուստումներով» ապօրինաբար Ադրբեջանին են զիջում արդեն ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի տարածքները:
Բացի այդ, լուրջ կասկածներ կան, որ 2021 թ. հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ, ի լրումն 2020 թ. նոյեմբերի 9-ի անընդունելի հայտարարության, նախատեսվում է ստորագրել նոր փաստաթուղթ, որով ոչ միայն ամրագրվելու է «փոխըմբռնման» արդյունքում Ադրբեջանին ՀՀ տարածքների հանձնումը, այլ նաև նոր «ցավոտ» զիջումներ են կատարվելու Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի և Սյունիքի մարզերից:
Սիրելի´ քույրեր և եղբայրներ,
վերլուծելով ներկա իրավիճակը՝ անհրաժեշտ ենք համարում մեկընդմիշտ հրաժարվել մեզանում դարձյալ արմատավորվող «արցախցի» և «հայաստանցի» արհեստական տարանջատումից, որը միտված է բաժանելու մեզ և տանելու դեպի հետագա պարտություններ: Նման բաժանումը ձեռնտու է միայն թշնամուն, որն այսօր սպասում է հարմար առիթի՝ այս անգամ արդեն ՀՀ-ի տարածքները բռնազավթելու համար: Այդ տեսանկյունից պետք է ուժ գտնել՝ տուրք չտալու այն քարոզչությանը, թե մեր որդիները կարող են անվտանգ զինվորական ծառայություն իրականացնել միայն ՀՀ տարածքում, իսկ Արցախի պաշտպանությունը պետք է «թողնել» բացառապես ռուս խաղաղապահներին և արցախահայերին:
Խորությամբ ըմբռնելով որդեկորույս ծնողներին և մեզ բոլորիս տանջող ծանրագույն ցավը, ինչպես նաև իրենց զինվոր որդիների անվտանգության համար անհանգիստ հարազատների մտավախությունը, միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ մեր զավակները Արցախում պաշտպանել ու պաշտպանում են նաև Հայաստանի Հանրապետությունը, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի տարածքների զավթումով չեն բավարարվել և ամեն կերպ ձգտում են իրենց «հաջողությունը զարգացնել» արդեն ՀՀ տարածքների հաշվին՝ ցամաքային մշտական կապ ստանալով Հայաստանի ինքնիշխան տարածքով և կյանքի կոչել պանթուրանական իրենց վաղեմի երազանքը։
Տվյալ պայմաններում մենք պետք է գիտակցենք, որ Արցախը շարունակում է մնալ ՀՀ անվտանգության հիմնաքարը, և մեր հասարակությունը պետք է խորությամբ ընկալի այս պատմական պահի հրամայականը՝ այն հայկական պահելու և պաշտպանելու՝ որպես մեր միասնական հայրենիքի անբաժանելի մաս:
Կարևոր ենք համարում շեշտել, որ հայոց բանակը եղել է, կա ու կմնա մեր հայրենիքի և պետականության գոյության հիմնական երաշխավորը:
Մեր հասարակության լավագույն ներկայացուցիչներից բաղկացած հայոց բանակը հարկավոր է զերծ պահել քաղաքական շահարկումներից, այն պետք է ամրապնդել, հեռու պահել վտանգավոր քարոզներից ու ոչինչ չխնայել նրա մարտունակությունը բարձրացնելու և հզորացումն ապահովելու համար: Չմոռանանք, որ մենք մեծագույն պարտավորություն ունենք՝ արժանի լինելու Արցախյան երրորդ պատերազմում հանուն հայրենիքի ոչինչ չխնայած մեր զինծառայողների սխրանքին և շարունակելու նրանց սուրբ գործը:
Սիրելի´ հայրենակիցներ,
մենք պարտավոր ենք մեր ազգի ու պետականության առջև ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճակատներում խորացող մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացման շուրջ ձևավորել հասարակական համերաշխության մթնոլորտ՝ վերահաստատելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջը:
Որպես ՀՀ քաղաքացիներ հայտարարում ենք, որ նոյեմբերի 9-ի պարտվողական ու նվաստացուցիչ եռակողմ հայտարարությունը ստորագրած անձին ս.թ. հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը ո´չ մասնակցելու և ո´չ էլ առավել ևս մեր անունից որևէ նոր փաստաթուղթ ստորագրելու լիազորություն չենք տալիս:
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ
Բեգլարյան Աշխեն, քաղաքական գիտությունների թեկնածու
Գալստյան Խաչիկ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Եղիազարյան Արման, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Կոստանյան Արարատ, միջազգայնագետ
Հովհաննիսյան Էդգար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մարուքյան Արմեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Մելքոնյան Աշոտ, ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Մելքոնյան Ռուբեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Մինասյան Էդիկ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Միրզոյան Նարինե, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Նալբանդյան Անահիտ, քաղաքական գիտությունների թեկնածու
Ոսկանյան Վարդան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցեն
Պետրոսյան Գեղամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սողոմոնյան Աշոտ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ստեփանյան Խաչատուր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր