Արժեքներ

ՀՀ ԳԱԱ Մ. Գ. Մանվելյանի անվան Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում նշվեց Գիտության համաշխարհային օրը

131.5kviews

Աշխարհի սրընթաց զարգացման պայմաններում երկրների հզորության մակարդակն  ու միմյանց միջև մրցունակությունը մեծապես կախված է գիտությունից, նրա ստեղծած առաջատար, նորարարական տեխնոլոգիաներից։ Հաշվի առնելով գիտության և գիտական մտքի կարևորությունը՝ 2001 թ.-ին  ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 10-ը հայտարարել է Գիտության համաշխարհային օր` հանուն խաղաղության և զարգացման (World Science Day for Peace and Development): Այն նպատակ ունի ընդգծելու գիտության կարևոր դերը հասարակության մեջ և լայն հանրության մասնակցության անհրաժեշտությունը ծագող գիտական ​​խնդիրների քննարկմանը, մեծացնելու գիտության ոլորտում աջակցությունը, խրախուսելու ազգային և միջազգային համերաշխությունը՝ տարբեր երկրների գիտական նվաճումների փոխանակման համար, համախմբելու գիտության շուրջ համաշխարհային հանրությանը:

Գիտության համաշխարհային օրը հանդիսավորությամբ նշվեց նաև ՀՀ ԳԱԱ Մ. Գ. Մանվելյանի անվան Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում։ Հիշեցնենք, որ ինստիտուտը, որը հիմնվել է 1957թ․-ին,  միակն է Հայաստանի Հանրապետությունում, որ զբաղվում է մետաղական և սիլիկատային հանքանյութերի համալիր մշակմամբ: Հետազոտությունների հիմնական ուղղությունները կապված են հանրապետության ոչ մետաղական և դժվարահալ հանքանյութերի, բազմամետաղային հանածոների և արտադրական թափոնների համալիր վերամշակման, տարրերի բարձր կորզմամբ նոր տեխնոլոգիաների մշակման, բարելավված հատկություններով նոր բաղադրության բյուրեղային, ամորֆ,  ապակեբյուրեղային և կոմպոզիտային նյութերի, նանոչափ մասնիկների ստացման տեսական և տեխնոլոգիական հիմունքների մշակման ու ներդրման, հանքային շրջանների ու հանքային դաշտերի բնապահպանական և մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի երկրաքիմիական համալիր որոնումների մեթոդոլոգիայի մշակման հետ:

 

Գիտական միջոցառման պաշտոնական բացումն ազդարարվեց տնօրեն, տ․գ․թ․ Կ․Գրիգորյանի ողջույնի խոսքով։ Ելույթով հանդես եկան նաև գիտական գծով փոխտնօրեն, տ․գ․դ․ Ն․ Կնյազյանը, գիտքարտուղար Գ․Մանուկյանը,  որին հաջորդեցին հետաքրքիր գիտական զեկուցումները։

 

Միջոցառման ընթացքում ինչպես օրվա, այնպես էլ ինստիտուտի 65-ամյակի կապակցությամբ առանձնահատուկ շնորհակալություն հայտնեցին երկարամյա փորձ ունեցող գիտնականներին՝ գիտության բնագավառում իրենց ավանդի համար, նաև՝ հատուկ շեշտվեց երիտասարդների ձեռքբերումների մասին։ Մասնավորապես, նշվեց վերջերս ՀՀ ԳԱԱ ԸԱՔԻ-ից երկու երիտասարդների ` Ջ․Եգանյանի  և Ս․Մելիքյանի Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում՝ Ն. Լոբաչևսկու անվան ազգային հետազոտական համալսարանում կայացած՝ «Գիտությունն առանց սահմանների» խորագրով ԱՊՀ պետությունների երիտասարդ գիտնականների համաժողովին մասնակցության մասին, որտեղից Ջ․Եգանյանը վերադարձել է խրախուսական մրցանակով։

Մեզ հետ զրույցում ինստիտուտի տնօրեն, տ․գ․թ․ Կ․Գրիգորյանն ասաց, որ գիտությանը նվիրված մարդը, անկախ ամեն ինչից, աշխատել է, աշխատում է և կաշխատի՝ անտեսելով մասնավոր կառույցներում բարձր աշխատավարձով աշխատելու գայթակղությանը, ինչը և անում են շատերը․  «Մեր կողմից ևս համապատասխան քայլեր պետք է արվեն, որպեսզի գիտության նվիրյալները ֆինանսական լրացուցիչ աղբյուրներ ունենան, դրա տարբերակներից մեկն էլ մեր մշակված տեխնոլոգիաների արտադրություն ներդրմանն ուղղված քայլերն են։  Ամեն դեպքում գիտության մակարդակը մեր երկրում բարձր է․ կա գիտություն, կա մտավորականություն և այս միասնությունը բերում է վերջնական արդյունքի, ինչն էլ շատ լուրջ հարցերի վերաբերյալ որոշակի ազդեցություն է ունենում։

Ցավով պետք է նշեմ նաև, որ շատ գիտնականներ էլ հեռացել են երկրից և հիմա պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ այդ մարդիկ հետ գան ու զարգացնեն մեր երկիրը, իսկ մնացածներն էլ չուզենան գնալ։ Ի վերջո, ամեն մարդ պետք է ազնվորեն իր գործն անի»,- հավելեց տնօրենը։

Ինստիտուտի գիտքարտուղար Գ․Մանուկյանն էլ նշեց, որ ՀՀ ԳԱԱ ԸԱՔԻ-ում մշտապես իրականացվում է մագիստրոսների, ասպիրանտների, հայցորդների պատրաստում, իսկ երիտասարդ գիտնականները ներգրավվում են դրամաշնորհային ծրագրերում․ «Երիտասարդ գիտնակաների աջակցության ծրագրի շրջանակում ստեղծվել է երիտասարդների խումբ, որոնք ՀՀ գիտության կոմիտեի  կողմից խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդման աջակցության մրցույթի արդյունքում ունեն ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմա՝ «Սիլիկատային կերամիկական պիգմենտների ստացման արդյունավետ եղանակի մշակում և ուսումնասիրություն» վերնագրով»,- ասաց տիկին Մանուկյանը։

 

Հավելենք, որ գիտական միջոցառումն անցավ մասնակիցների հետաքրքրվածության, անմիջական ներգրավվածության և ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում։

Նյութը պատրաստեց՝ Մերի Եղիազարյանը

Leave a Response