Ս․թ․ հուլիսի 2-ին Փարիզի «Մոնրեալ» հյուրանոցի դահլիճում կայացել է Եվրոպայի հումանիտար և հասարակական գիտությունների, ինչպես նաև ընդհանուր տեղեկատվական մամուլի գիտական թեմաներին անդրադարձող թղթակիցների ժողով, որի նպատակն էր որոշել նշված բնագավառների աշխարհի լավագույն գիտնականներին։ Մոտ 100 մասնակցի իրավունք էր տրված ներկայացնել 20 գիտնականի անուն-ազգանուն։ Ընդհանուր առմամբ ուշադրության են արժանացել մոտ 700 գիտության աշխատող՝ հիմնականում Արևմուտքից։ Նախկին խորհրդային հանրապետություններից ճանաչվել են 67 գիտնական, այդ թվում 3-ը Հայաստանից։ Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի գիտական մամուլը ժողովին չի մասնակցել։
Ներկայացված արդյունքներով ամենաառաջադեմ են ճանաչվել Ֆրանսիայի, ԱՄՆ և Գերմանիայի գիտնականները։ «Խորհրդային խմբում» ամենաշատ ձայն հավաքել է մեր լեզվաբան Վաղարշակ Մադոյանը, որը 101 միավորով զբաղեցրել է 86-րդ տեղը։
Այս միջոցառումը պաշտոնական բնույթ չի կրում, սակայն արևմտյան բարքերի պայմաններում որոշ երկրների գիտական ներուժի համար շատ արդյունավետ գովազդ է։