Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 26-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ այս նախագծով հիմքեր են ստեղծվում Հայաստանի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև մաքսային բնագավառում համագործակցության հիմքերի ստեղծման, փոխգործակցության հնարավորությունների ընդլայնման և ամրապնդման համար:
Համաձայնագրի նախագծով նախատեսվում է փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում և հստակեցում:
Այս համաձայնագրի կնքմամբ կկարգավորվեն ներկայումս հետբացթողումային հսկողության շրջանակներում իրականացվող հարցումների պատշաճ ընթացքի ապահովման տեսանկյունից առաջացող խնդիրները, որոնք առաջանում են երկու երկրների մաքսային ծառայությունների միջև հարցումների ոլորտը կարգավորող միջազգային փաստաթղթի բացակայության հանգամանքով պայմանավորված,
սույն համաձայնագրի կնքմամբ կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների համապատասխան մարմինների և ստորաբաժանումների միջև, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա Հնդկաստանից Հայաստան ներմուծման և Հայաստանից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրներին առավել արագ և օպերատիվ լուծումներ տալու համար: