Կյանքը de factoՀասարակություն

2021 թվականի առաջին կիսամյակում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր է ստացել 111 տնտեսվարող

5.9kviews

Արդեն 4 տարի Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է օրինապահ հարկ վճարողների հավաստման համակարգը։ Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար դիմումները ներկայացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ անմիջապես հարկ վճարողի էլեկտրոնային գրասենյակից, իսկ դիմում կարող են ներկայացնել միայն ԱԱՀ վճարողները։

Այս տարվա 6 ամսվա ընթացքում օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար դիմում է ներկայացրել 169 հարկ վճարող, սակայն հավաստագիր տրամադրվել է 111-ին։

Օրինապահ համարվելու համար հարկ վճարողը պետք է ներկայացնի բոլոր հարկային հաշվարկները, օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունները, ինչպես նաև սահմանված ժամկետում և կարգով վճարած լինի հարկային պարտավորություններն ու չունենա հարկային և մաքսային օրեսդրությամբ սահմանված որևէ իրավախախտում։

Բիզնեսին մոտիվացնելու և փոխվստահությունն ամրապնդելու համար ՊԵԿ-ն այս տարի իրականացրել է կարևոր փոփոխություն։ Հարկային օրենսգրքի նոր լրացումները մայիսի 5-ին ընդունվել են Ազգային ժողովում։ Այս փոփոխությամբ Հայաստանում ամեն տարի ապրիլի 19-ին կնշվի Հարկ վճարողի օրը, միաժամանակ՝ օրինապահ հարկ վճարողների համար սահմանվել են մի շարք բարելավումներ։

Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը, նախատեսվող կարգով, տրամարդվելու է 1 տարի ժամկետով, իսկ հարկ վճարողի ցանկության դեպքում՝ հայերենից բացի նաև ռուսերեն կամ անգլերեն լեզվով։

Նոր փոփոխություններով համակարգում իրականացվել են հետևյալ բարեփոխումները․

— հարկային մարմինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հանրային իրազեկումն իրականացնելու է դրանց պաշտոնական հրապարակման օրվանից հետո 10 օրվա ընթացքում,

— միասնական հաշվում առկա գումարները հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում վերադարձվելու են համապատասխան դիմումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում,

— ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է պարզեցված ընթացակարգերով և ժամկետներում՝ օրինապահ հարկ վճարողների համար մինչև 60 մլն. դրամի հայտերի հիման վրա։

— Հարկային և մաքսային մարմինների գործունեության բողոքարկման հանձնաժողով ներկայացրած օրինապահ հարկ վճարողների դիմումները քննվում և դրանց մասին դիրքորոշումը ներկայացվում է 15 օրվա ընթացքում, մնացած այլ դեպքերում այդ ժամկետը կազմում է 30 օր։

Կարևոր առավելություն է նաև այն, որ հավաստագիրը հաշվի է առնվում բանկային համակարգի կողմից։ Այն օգնում է վարկ ստանալիս, գործընկերների մոտ բարձրացնում է վստահությունը, իսկ պետական կառավարման մարմինները, վարչարարության իրականացնելիս, կարող են կիրառել առավել պարզեցված ու բարենպաստ ընթացակարգեր։

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Leave a Response