Կյանքը de factoՀասարակություն

Կոչ ենք անում վարչապետին, հանուն հայ ժողովրդի եւ յուրաքանչյուր հայորդու, դրսևորել բարի կամք ու բարձր գիտակցություն և զիջել վարչապետի իր պաշտոնը. ՀԲԸՄ-ի հայտարարությունը

4.7kviews

Նախորդ հարյուրամյակի ընթացքում մեր ժողովուրդը առերեսվել է ծայրահեղ մարտահրավերների հետ: Բոլոր հանգրվաններում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը աշխատել է առաջ մղել հայ ժողովրդի շահերը եւ ազգի գոյապահպանությանն առնչվող հարցերում պատմականորեն կանգնած է եղել պայքարի առաջին շարքերում՝ առանց ներքաշվելու ներքին քաղաքականության մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքի որեւէ համայնքում։ Ներկա ժամանակները տարբեր չեն։ Սա մեր պատմության մի նոր շրջադարձային պահ է, որը մեր ազգի առաջնորդներից, ինչպես նաեւ մեր քաղաքացիներից ու աշխարհասփյուռ աջակիցներից պահանջում է վճռականություն, խիզախություն եւ տեսլական։

 

Նախորդ երկու ամիսներին մենք անցել ենք ահռելի կորուսների դառնության միջով, բայց մենք պարտված ազգ չենք։ Եթե մենք ցուցաբերենք ուժ ու իմաստնություն մեր վերքերը ամոքելու համար, եթե դասեր քաղենք այս իրադարձություններից, վերակառուցենք մեր ցնցված Հայրենիքը ու առաջ անցնենք` մենք կկարողանանք ապահովել մեր նվիրական տեղը պատմության եւ քաղաքակրթության մեջ։ Մենք երիցս գիտակցում ենք, որ եթե չկասեցվեն արցախյան աղետի հետցնցումները՝ դրանք կարող են խարխլել Հայկական պետականության հիմքերը եւ ավելի մեծ կորուստների առջեւ կանգնեցնել բոլորիս։ Այս վտանգները զգում եւ դրանցից երկյուղում ենք ողջ մեր գլոբալ հայ ազգով, որի միջնաբերդը պետք է լինի մեր ուժեղ ու ինքնիշխան Հայաստանը` մեր ինքնության հիմնասյունը։

 

Որեւէ մեկ հայ, որտեղ էլ որ ապրի, չի կարող նման ընթացք թույլ տալ։

 

Սա ժամանակը չէ որեւէ մեկի մատնացույց անելու, ոչ էլ պատեհ պահն է որոշելու այս հանգրվանին մեզ հասցրած վիթխարի ձախողումների համար մեղավորությունը՝ ձախողումներ, որոնք տասնամյակներ ձգվող թերացումների հետեւանք են։ Մենք ճգնաժամի մեջ գտնվող ազգ ենք, որին պատուհասել է անկայուն քաղաքական իրավիճակը։ Ուստի արտակարգ քայլեր են անհրաժեշտ` թե՛ խորհդանշական, թե՛ առարկայական։ Մեր երիտասարդ ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր կենսունակությունը եւ ամրությունն այս ճգնաժամային ժամանակներում։

 

Վիթխարի կարեւորություն ունի մեր ժողովրդի միասնականության ապահովումը։ Մենք չենք կարող թույլ տալ նոր առճակատումներ կամ բռնություն։ Մենք հավատացած ենք, որ ներկա եւ նախկին վարչակազմերի հետ չկապակցված անկախ մի մարմին պետք է առաջնորդություն ստանձնի իբրեւ անցումային կառավարություն։ Այն պետք է բաղկացած լինի իրենց փորձագիտությամբ եւ ձիրքերով աչքի ընկած անհատներից, ովքեր կողք-կողքի կաշխատեն Հայաստանից եւ Սփյուռքից բարձր որակավորում եւ հարգանք վայելող խորհրդատուների հետ՝ առաջ տանելու երկրի զարգացման օրակարգը։ Մենք կոչ ենք անում վարչապետին, հանուն հայ ժողովրդի եւ յուրաքանչյուր հայորդու դրսեւորել բարի կամք եւ բարձր գիտակցություն եւ զիջել վարչապետի իր պաշտոնը՝ հնարավոր դարձնելով նման նոր ու ժամանակավոր կառավարության ձեւավորումը։ Մեր ցանկությունն է, որ ապահովվի անկախ լեգիտիմ մարմնի կողմից ժամանակավոր առաջնորդության ստանձնումը` մինչեւ արդար ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը հնարավոր կդառնա։ Այս մարմինը, ունենալով մեզ առերեսող իրողությունների սթափ ըմբռնում եւ գնահատական, պարտավոր է աշխատել անաչառության ոգով եւ երկիրը դուրս բերել մեզ պատուհասած այս պատմական ջրբաժանից։

 

Ինչպես բոլոր ժողովրդավարություններում` սա պետք է լինի խաղաղ անցում՝ պահպանելով օրինավորությունը եւ սահմանադրական ընթացակարգերը եւ ապահովելով ժողովրդավարության ամենաբարձր չափանիշերը ու քաղաքացու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը։ Մենք կոչ ենք անում Ազգային ժողովին աջակցել այս անցումային կառավարությանը։ Այս գործընթացում պետք է ներառվի նաեւ Առաքելական Սուրբ Եկեղեցին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որի առաջնորդությունը մեր ժողովրդի համար միշտ եղել է հույսի փարոս անցյալ ավելի քան 1700 տարիների մարտահրավերներով լի պատմության ընթացքում։

 

Իբրեւ 1906 թվականին իր հիմնադրումից ի վեր բոլոր դժվարին ժամանակներում մեր ժողովրդին ուղեկից մի կազմակերպություն, որը կանգնած է եղել մեր ազգի կողքին թե՛ Օսմանյան, թե՛ խորհրդային կառավարման տարիներին, ինչպես նաեւ անկախության շրջանին, մենք այսու վերահաստատում ենք Հայաստանի պայծառ ապագան ապահովելու, բզկտված մեր Արցախը վերակառուցելու մեր խոստումը, ինչպես նաեւ վերահաստատում ենք մեր առաքելությունը հոգալու մեր ժողովրդի հումանիտար ու սոցիալական կարիքները Հայաստանում եւ ողջ աշխարհում։ Առաջիկա շաբաթներին մեր աշխարհասփյուռ համայնքի առաջնորդներին ժողովելու ենք, որպեսզի միասնականորեն մշակենք պատերազմի հետեւանքները հաղթահարելու ռազմավարություններ եւ արագորեն վերադառնանք պետականաշինության ու զարգացման մեր ճանապարհին։

 

Մենք աղոթում ենք մեր ազգի իմաստնության, մեր վերքերի շուտափույթ ամոքման ու այս քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար։ Մենք նաեւ խոնարհվում ենք մարտի դաշտում անմահացած հերոսների հիշատակի առջեւ, ու շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին։ Նրանց խիզախությունն ու զոհողությունը անջնջելի հետք են թողել մեր սրտերում եւ դա ուղեկցելու է մեզ ողջ կյանքում։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանում, Արցախում ու Սփյուռքի բոլոր համայնքներում բնակվող յուրաքանչյուր հայի մնալ հանձնառու, ուժեղ եւ միասնական, որպեսզի դիմագրավենք այս դժվարին ժամանակներին եւ միասին կառուցենք ավելի լավ ապագա։

Leave a Response