gmpress.am-ը այցելությունների շարք է սկսել՝ հասկանալու համար, թե ինչպիսին է կյանքը ՀՀ քաղաքային և գյուղական համայնքներում ՝ համավարակային ու հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված:
Այս անգամ հանգրվանեցինք ՀՀ Արմավիրի մարզի Մերձավան համայնքում:
Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անյուտա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ և՛ արտակարգ, և՛ ռազմական դրության պայմաններում, և՛ համավարակային իրավիճակում, անհրաժեշտ բոլոր կանոնները պահպանելով, համայնքապետի ցուցումներով մշտապես փորձել են աշխատանքներն ու ծրագրերն իրականացնել առանց ուշացումների՝ պահպանելով համայնքի բնականոն կյանքը:
Վերոնշյալից ելնելով էլ՝ 2020թ.-ի ընթացքում Մերձավան համայնքում աշխատանքներն ու ծրագրերն իրականացվել են` համաձայն համայնքի 2016-2021թթ. հնգամյա զարգացման ծրագրի դրույթներին, 2020թ. տարեկան աշխատանքային պլանի, համայնքի 2020թ. բյուջեի` հաշվի առնելով համայնքի առկա ռեսուրսները, առանձնահատկությունները, զարգացման գերակա ուղղությունները, նախապես քարտեզագրված ծրագրային առաջնահերթությունները:
Հարկ է նշել, որ եկամուտների կենսունակ աղբյուրը իրավաբանական և ֆիզիկական անձանց հողի, գույքահարկի հարկման գործընթացից գոյացող գումարներն են:
Իրականացված աշխատանքների շնորհիվ գրանցվել են հետևյալ արդյունքները.
Համայնքի 2020թ.-ի բյուջեի ծախսերը կատարվել է 65%-ով, վարչական բյուջեինը՝ 71.2%-ով, իսկ ֆոնդայինը՝ 46.8%-ով:
Համայնքում կատարվել են ճանապարհների հարթեցման աշխատանքներ, շարունակվել է ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման գործընթացը:
Իրականացվել է մեկ սուբվենցիոն ծրագիր. 2020 թվականին համայնքը ներկայացրել էր <<Մերձավան համայնքի նորակառույց թաղամասի 5-րդ փողոցի 2-րդ և 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքների գազիֆիկացում>> սուբվենցիոն ծրագիր և արդեն ավարտվել են ծրագրով նախատեսված նորակառույց թաղամասի 564 գծամետր գազատար խողովակաշարի անցկացման համապատասխան շինարարական աշխատանքները:
Ընդլայնվել է գիշերային լուսավորության ցանցը, աղբահանությունն իրականացվում է անխափան՝ սահմանված կարգով:
Համայնքում չի անտեսվում և ոչ մի տոն ու միջոցառում, թերևս, նշենք միայն, որ «Կանանց միջազգային տոնի» կապակցությամբ համայնքապետարանի կողմից՝ համայնքապետարանի, փոստի, մանկապարտեզի, մշակույթի տան, դպրոցի, բուժ. ամբուլատորիայի 91 կին աշխատակիցներին նվերներ են տրվել :
Վերջին մեկ տարվա ընթացքում կատարվել են վերանորոգման մի շարք աշխատանքներ, մասնավորապես՝ մանկապարտեզի դահլիճի հատակը, համայնքապետարանի շենքի պահոցը, համայնքի կանգառները, մշակույթի տան սենյակները, միջնակարգ դպրոցի տանիքը:
Կազմակերպվել են համայնքային ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ու մարզական կազմակերպությունների գործունեությունը, ներհամայնքային ու միջհամայնքային պարբերական զանգվածային մարզական միջոցառումներ և մրցույթներ, սպորտով զբաղվելու համար ստեղծվել է համապատասխան պայմաններ, մարզական դահլիճի համար մարզական գույք է ձեռք բերվել:
Շարունակվել է սոցիալապես անապահով խավին աջակցության տրամադրումը, որն առանցքային է սոցիալական ծրագրերի շարքում:
Պայմանավորված մեր երկրին պատուհասած աղետներով՝ արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառին համայնքում զգալի ուշադրություն է դարձվել, մասնավորապես՝ իրականացվել է միջոցառումներ՝ համայնքային ենթակայության օբյեկտների անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով, ինչպես նաև՝ կատարվել է համայնքի բնակչության ազդարարում:
Դեռևս մարտի 17-ին, պայմանավորված նոր կորոնավիրուսային համավարակով, համայնքապետարանում ստեղծվել է մասնագիտական թիմ, իսկ մարտի 16-ից` արտակարգ դրության հաստատման օրվանից, համայնքապետարանն անցել է աշխատանքային արտակարգ ռեժիմի` համագործակցելով համապատասխան կառույցների հետ:
2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Մերձավան համայնքը համայնքապետարանի հետ համագործակցող կազմակերպությունների և ընկերությունների, տնտեսվարող սուբյեկտների ու բարերարների, անհատների հետ միասին աջակցությունն է ցուցաբերել առաջնագծին։
Առաջնագիծ է ուղարկվել է սննդի տարբեր տեսակներ, դեղորայք, քաղցրավենիք, հագուստ, ձեռնոցներ, գլխարկ, հիգիենայի պարագաներ, ծխախոտ:
Պատերազմին համայնքից շատերն են մասնակցել, սակայն, ցավոք, նրանցից մեկը՝ կյանքով լեցուն, ուրախ մի երիտասարդ, ով, չնայած իր՝ հիվանդ լինելու հանգամանքին, մեծ ուրախությամբ մեկնել է ռազմաճակատ ու այլևս չի վերադարձել:
Պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների մի մասը ժամանակավոր բնակություն է հաստատել Մերձավան համայնքում:
Արցախցիների կեցության, կենցաղային հարցերը դարձել են համայնքապետարանի ամենօրյա աշխատանքների մի մասը, և համագործակցային աշխատանքների շնորհիվ նրանց հասցեական ու անհրաժեշտ աջակցություն է տրամադրվել: Համայնքապետարանն իր միջոցներով կազմակերպել է արցախցի ընտանիքների սննդի տրամադրման աշխատանքները. «Նրանցից շատերն արդեն այստեղ աշխատանք ունեն, իսկ երեխաները մանկապարտեզ են հաճախում: Մինչ օրս էլ ցուցաբերվող օգնությունը շարունակվում է, և այստեղ բնակվող արցախցիները բոլորիս ուշադրության կենտրոնում են»,- նշեց տիկին Սաֆարյանը:
Հավելենք, որ համայանքապետարանի կողմից իրականացվող ցանկացած աշխատանք հասանալի է՝ կայքի և պարբերաբար ներկայացվող հաշվետվությունների միջոցով:
Նյութը պատրաստեց՝ Մերի Եղիազարյանը