Հայկական կողմը ևս հայ-թուրքական երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի երեկվա հայտարարությանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայի շուրջ․
«Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։
Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,-նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար:
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մենք շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչների կնշանակենք»,- ասել էր Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
Վերջինս հավելել էր, որ Երևանի հետ չարտերային ավիահաղորդակցություն կբացվի: