Կյանքը de facto

Դուք հասկանու՞մ եք, որ այդ հայտարարություններով օրինականացվում են ադրբեջանական զինված ու իրավապահ ծառայողների անօրինական տեղակայումները. ՀՀ ՄԻՊ

412views
Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք, անտեսելով մարդկանց սահմանադրական իրավունքները, արդարացնում են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական անցակետերը, իսկ տեղակայումները հիմնավորում են՝ ասելով, թե դրանք այն տարածքներում են, որոնք Ադրբեջանի Հանրապետություն են: Անընդհատ հղումներ են արվում ինչ որ այլընտրանքային ճանապարհների ու ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների:
Դուք հասկանու՞մ եք, որ ձեր այդ հայտարարություններով օրինականացվում են ադրբեջանական զինված [ու իրավապահ] ծառայողների անօրինական տեղակայումները, որտեղից էլ նրանք անօրինականություններ են կատարում, հանցանքներ են գործում ՀՀ բնակչության նկատմամբ:
Որքա՞ն կարելի է խոսել այլընտրանքային ճանապարհներից: Այդ, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները չեն վերացնում ՀՀ բնակչության ավտանգության սպառնալիքներն ու սահմանադրական իրավունքների խախտումները, չեն կարող լինել լիարժեք լուծումներ:
Դուք գիտակցու՞մ եք, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման և հումանիտար խնդիրներ առաջացնելու նպատակային քաղաքականություն:
Դուք ինքներդ ինչպե՞ս եք պատկերացնում ադրբեջանական այս արարքներից ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ու՞մ դիմել, ի՞նչ ընթացակարգով:
Դուք գիտե՞ք, որ պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները միայն խորացրել են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը:
Դուք գիտակցու՞մ եք, որ մեր գյուղերի մոտ, Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք դաժանաբար խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել:
Երկու երկրների միջև տեղի չի ունեցել դելիմիտացիա կամ դեմարկացիա,
ի՞նչ հիմքով եք դուք ինչ որ տարածքներ համարում ադրբեջանական կամ ոչ ադրբեջանական:
Ի՞նչ իրավական ակտով է ձեզ իրավունք վերապահված անել ՀՀ քաղաքացիների սահմանադրական և միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող հայտարարություններ:
Սույն հայտարարությունը արվում է հրապարակային՝ հաշվի առնելով, որ նշված վտանգավոր շեշտադրումները ստանում են լայն տարածում ՀՀ տարբեր, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում ու հետևաբար՝ առկա է դրանց կանխարգելման հրատապ անհրաժեշտություն:
Պետք է բացառվեն տարբեր պաշտոնյաների հակասական ու մարդու իրավունքները ոտնահարող կամ վտանգող հայտարարությունները, որոնք խորացնում են անորոշությունը հասարակությունում:
Իրականում, պետության ռազմավարությունը պետք է սահմանային անվտանգության հարցերում հաշվի առնի մարդու իրավունքների հետ կապը, ինչպես նաև այն, որ պետությունն ունի իր քաղաքացիների իրավունքների պաշտանության պոզիտիվ պարտավորություն:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Leave a Response