Կյանքը de facto

Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է

257views

Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմանադրության օր:

1995 թվականի հուլիսի 5-ին այն ժամանակ երկրում իշխող Հայոց համազգային շարժում կուսակցության կողմից պատրաստված Հիմնական օրենքի նախագիծը դրվեց համազգային հանրաքվեի և հավանության արժանացավ հայ ժողովրդի կողմից: Այն դարձավ անկախ Հայաստանի առաջին սահմանադրությունը, որով էլ մինչ այսօր առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությունը:

2005 թվականին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնք հաստատվեցին նոյեմբերի 27-ի համաժողովրդական հանրաքվեով:

Սահմանադրության առաջին հոդվածում նշված է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:

Ըստ Սահմանադրության երկրորդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։

Ըստ Հիմնական օրենքի` Հայաստանում հաստատված է պետական կառավարման նախագահա-խորհրդարանական կարգ: Օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը, գործադիրը` կառավարությունը: Հայաստանի հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորը նախագահն է:

Հայաստանի պետական խորհրդանիշներն են՝ դրոշը, զինանշանը և օրհներգը: Մայրաքաղաքը Երևանն է:

Leave a Response