Արժեքներ

«Երգի և խոսքի վարպետը». հուշ ցերեկույթ՝ նվիրված Վլադիլեն Բալյանին

14.9kviews

Ապրիլի 29-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում անցկացվեց «Երգի և գործի վարպետը» խորագրով հուշ ցերեկույթ՝ նվիրված անվանի հայ կոմպոզիտոր, երաժշտա-հասարակական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրիի և Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանի ծննդյան 98-ամյակին:
Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն Վ. Բալյանի ծննդյան տարեդարձին այս տարի առաջին անգամ ներկա չէր ինքը՝ Մաեստրոն:
Միջոցառման հյուրերն էին կոմպոզիտորի ընտանիքի անդամները, ականավոր երաժիշտներ և մշակութային գործիչներ, որոնք կիսվեցին մեծ արվեստագետի և անհատի հետ ունեցած համագործակցության և բարեկամության մասին հուշերով:
«Մեր բոլորի կյանքում լինում են մարդիկ, որոնք բռնում են մեր ձեռքը և ուղղորդում: Ես շատ երիտասարդ էի, երբ նշանակվեցի թանգարանի տնօրեն՝ դեռևս կոնսերվատորիայի վերջին կուրսի ուսանող: Բալյանն ամուր բռնեց ձեռքս և իմ տնօրինության 26 տարիների ընթացքում իր իմաստուն խորհուրդներով կանգնեց մեր կողքին: Ես այն բախտավորներից եմ, որ պատվով շարունակել եմ, շարունակում եմ և կշարունակեմ թանգարանում նրա թողած ավանդույթները», — նշեց թանգարանի ներկայիս տնօրեն, ցերեկույթի նախաձեռնող Մարինե Օթարյանը:

279029412_4962692530492665_3626134833094404848_n.jpg
Սիրված երգիչ, Բալյանի երգերի անզուգական կատարող Ռուբեն Մաթևոսյանը պատմեց, որ հայկական երգի ասպարեզին ավելի համահունչ անուն ունենալու համար հենց Մաեստրոն էր իրեն առաջարկել Ռուդիկը փոխարինել Ռուբենով, ինչն ինքը սիրով ընդունել էր:
Դաշնակահարուհի Մարգարիտ Սարգսյանը Վլադիլեն Ալեքսանդրովիչին ներկայացրեց իբրև էությամբ ստեղծագործող, ստեղծող և կառուցող անձնավորություն: «Նա ուներ չափազանց խորը ազգային մտածելակերպ, ինչի պակասը հիմա շատ կա մեր իրականության մեջ: Նրա գործում էր՝ ի նպաստ Հայաստանի մշակույթի զարգացման:
Ես շատ երջանիկ եմ, որ նման մարդու հետ ունեցել եմ առնչություն: Վլադիլեն Ալեքսանդրովիչն այնպիսի մարդ էր, որ օգնում էր երիտասարդ երաժիշտների կայացմանը, հենարան էր դառնում նրանց համար: Նա գիտակցում էր, որ ինքը մեծություն էր, բայց երբեք չէր ճնշում այդ մեծությամբ: Մեզ մնում է իրեն հիշել, շարունակել շատ սիրել և Աստծուն շնորհակալություն հայտնել, որ եղել ենք նրա ժամանակակիցը», — խոսքը եզրափակեց Մ. Սարգսյանը:
Ցուցադրվեց տուն-թանգարանի գիտաշխատող Ինեսսա Խաչատրյանի պատրաստած «Երգի և գործի վարպետը» խորագրով փաստագրական տեսաշարը, որում տեղ էին գտել Վ. Բալյանին առնչվող բացառիկ նյութեր թանգարանի արխիվից:
Համերգային բաժնում հնչեցին Մաեստրոյի թե՛ նշանավոր, և թե՛ հազվադեպ կատարվող ռոմանսները: Ելույթ ունեցան մեներգիչներ Դիանա Հարությունյանը (սոպրանո) և Արսեն Գևորգյանը (բարիտոն)՝ ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ:
Հուշ ցերեկույթի ավարտին անսպասելի անջատվեց էլեկտրականությունը, և հյուրերը բջջային հեռախոսների լույսերի ներքո, կիսամութ դահլիճում միաձայն երգեցին Մաեստրոյի «Ամպեց, կորավ լուսընկան» երգը:

Leave a Response