Արժեքներ

Տեղի ունեցավ Ժեստ զինանոցի ավարտական հանդիպումը մասնակիցների հետ և ‹‹Լավագույն հոգեբան ուսանող 2021›› խորագրով մրցույթի արդյունքների ամփոփման արարողությունը

25.3kviews

 

Հոգեբանության ոլորտը մեր երկրում իր ուրույն տեղն ունի, և մասնագետների պրոֆեսիոնալ, հստակ ու գրագետ քայլերի շնորհիվ շարունակում է զարգացման նոր հորիզոնականներ նվաճել: Այս ենթատեքստում էլ սույն թվականի  հոկտեմբերի 30֊ին կայացավ Ժեստ զինանոցի հերթական ավարտական հանդիպումը մասնակիցների հետ, և ‹‹Լավագույն հոգեբան ուսանող 2021›› խորագրով մրցույթի արդյունքների ամփոփման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին տարբեր գերատեսչություններից հրավիրված մասնագետներ: Միջոցառման պաշտոնական բացումն ազդարարվեց Ժեստ հոգեբանական կենտրոնի հիմնադիրներ Մարիամ և Արկադի Մեհրաբյանների ողջույնի խոսքով, այնուհետև ելույթներով հանդես եկան ՀՀ ՊՆ սպա֊հոգեբան, փոխգնդապետ Արմինե Հովհաննիսյանը, Աննա Քալաշյանը Նիդեռլանդներից ( զինանոցում  «Անձնային աճ» դասընթացի շրջանավարտ), ԱՄՆ-ից  Մարինա Նահապետյանը («Մանկան հոգեբանի դպրոց»-ի շրջանավարտ), Գերմանիայից Նարինե Նահապետյանը («Ընտանեկան հոգեբանի դպրոց»-ի շրջանավարտ), ԱՄՆ-ից Լիանա Արշակյանը (լիցենզավորված լոգոպեդ) և այլոք։ Բոլոր մասնակիցները՝ թվով շուրջ 40 հոգի, իրենց ավարտական զեկույցները ներկայացնելուց հետո հանդիսավոր կերպով ստացան ավարտական վկայականները:

Հիշեցնենք, որ զինանոցը հիմնադրվել է 2017 թվականին, որտեղ վերապատրաստվում են հոգեբանության ոլորտի մասնագետներն  ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ դրա սահմաններից  դուրս։

gmpress.am-ի հետ զրույցում Ժեստ հոգեբանական կենտրոնի տնօրեն, իրավաբանական հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Մեհրաբյանը նշեց, որ հոգեբանության դերի բարձրացման հարցում Կենտրոնն իր համեստ ներդրումն ունի հասարակության մեջ. «Զինանոցի մասնակիցները 240 ժամ տևողությամբ դասընթացների արդյունքում ներկայացրեցին գործնական դեպքեր, որոնք, սուպերվայզերի հսկողությամբ, վարել են մեկ տարվա ընթացքում՝ հնարավորություն ունենալով ավելի լայն շրջանակներում հնչեցնել իրենց աշխատանքները։ Մեր նմանօրինակ ծրագրերը շարունակական են լինելու, նախատեսում ենք իրականացնել նաև «Անձնակենտրոն հոգեբանական դասընթաց»-ը, որը «Անձնային աճ»-ի ձևափոխված տարբերակն է։ Սա  բոլոր այն անձանց համար է, ովքեր ցանկանում են բացահայտել իրենց ռեսուրսները և դասընթացի ավարտին ստանալ կողմնորոշիչ ծրագիր մասնագետների կողմից։ Ավարտական զեկույցի փոխարեն այս մասնակիցները կստանան ավարտական եզրակացություն իրենց մասին։ Օգտվելով առիթից, նշեմ, որ ընդունելությունը կատարվում է տարեկան մեկ անգամ և, այսուհետ, զինանոցում վերապատրաստման համար մասնագետները կարող են դիմել հունիսի 15֊ին»,-ասաց Մ.Մեհրաբյանը:

Ինչպես արդեն նշվեց, միջոցառման հաջորդ, կարևոր մասն այն էր, որ հերթական անգամ ամփոփվեց արդեն ավանդական դարձած ‹‹Լավագույն հոգեբան ուսանող 2021›› խորագրով մրցույթի արդյունքները, և տարբեր բուհերից ներկայացված ուսանողներից իր առաջադրած նորույթի, վիճակագրության վերլուծության և օրինաչափությունների դուրս բերման արդյունքում կենտրոնի մասնագիտական խորհրդի կողմից հաղթող  ճանաչվեց Շիրակի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի Մարիետա Գրիգորյանը: Հատկանշական է, որ հաղթողին իր մեդալն ու պատվոգիրը հանձնեց նույն մրցույթի նախորդ տարվա հաղթած մասնակիցը. «Շնորհակալությունս եմ հայտնում Ժեստ հոգեբանական կենտրոնին, ում շնորհիվ ես առավել մեծ պարտավորվածություն ստաձնեցի լավ մասնագետ դառնալու և ոլորտն իմ գիտական նորույթներով հարստացնելու»,- նշեց Մարիետա Գրիգորյանը:

Հավելենք, որ միջոցառումն անցավ ջերմ, հետաքրքիր մթնոլորտում՝ խստորեն պահպանվելով հակահամաճարակային բոլոր կանոնները:

Նյութը պատրաստեց՝ Մերի Եղիազարյանը

 

Leave a Response